Միրզոյանի անվան լարային քառյակը թողարկել է «Շուշանիկ» ձայնասկավառակը՝ բարեգործական նպատակով
Մշակույթ
18:05 12/01/2017
Հայաստան

Միրզոյանի անվան լարային քառյակը թողարկել է «Շուշանիկ» ձայնասկավառակը՝ բարեգործական նպատակով

Վաղը կայանալու է Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի «Շուշանիկ» ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասավառակում ներկայացված է միայն Էդուարդ Միրզոյանի «Շուշանիկ» ստեղծագործությունը, որը հատուկ քառյակի համար մշակել է Վաչե Շառաֆյանը: Panorama.am-ի հետ զրույցում լարային քառյակի ջութակահարուհի Սոնա Ազարյանն ասաց, որ իրենք պատրաստում են ձայնասկավառակ՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով, սակայն մինչ այն թողարկեն, որոշեցին հենց միայն «Շուշանիկ» ստեղծագործության ձայնասկավառակն անել՝ բարեգործական նպատակով:

«Այս ստեղծագործությունը պետք է լիներ մեր ձայնասկավառակի հիթերից մեկը, բայց մենք որոշեցինք այն առանձին թողարկել՝ քիչ օրինակով: Հունվարի 13-ին «Դոլմամա»-ում մեր ընկերներ Ժիրայր Ավանյանն ու Թերեզա Մխիթարյանը կազմակերում են բարեգործական ընթրիք, որպեսզի գումար հավաքվեն Գյումրիում անօթևան մնացած հերթական ընտանիքին բնակարան գնելու համար: Մենք մեր փոքրիկ ներդրումն  ենք ուզում ունենալ և  տրամադրել ենք այս ձայնասկավառակի 40 օրինակ՝ բարեգործական նպատակով վաճառքի համար: Էդուարդ Միրզոյանն ինքն էլ շատ բարեգործություններ է արել, մտածեցինք, որ ուրախ կլինի, եթե իր ստեղծագործություններից մեկը ծառայի բարեգործական նպատակի»,- ասաց Ս.Ազարյանը: 

Ինչ վերաբերում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով ձայնասկավառակին, նա նշեց, որ այն այս տարվա ընթացքում պատրաստ կլինի:

«Ուշացնում ենք, քանի որ չպլանավորված հյուրախաղեր ենք ունենում: 2016-ի նոյեմբերին Լիբանանում մասնակցեցինք միջազգային փառատոնի, հիմա հրավեր ենք ստացել Ռուսաստանում ելույթ ունենալ կիթառի վարպետ Ալ Դի Մեոլայի հետ»,- հավելեց Ս.Ազարյանը: 


 

Placeholder
Միրզոյանի անվան լարային քառյակը թողարկել է «Շուշանիկ» ձայնասկավառակը՝ բարեգործական նպատակով