Ինձ միլիցիա մի սարքեք. Վարչապետը՝ բանանի ներկրման մասին
Տնտեսություն
17:37 13/01/2017
Հայաստան

Ինձ միլիցիա մի սարքեք. Վարչապետը՝ բանանի ներկրման մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադառնալով բանանի և շաքարավազի ոլորտներում մենաշնորհների մասին՝ նշեց, որ բոլոր ներկրողների թիվը հրապարակվել է:

Լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյոք  բանանի ներկրմանը խոչընդոտող անձինք պատժվեցի՞ն:

Կարեն Կարապետյանը նշեց, որ  անձամբ չի ճանաչում բանան ներկրողներին:

«Ինձ նույնիսկ հարց են տվել՝ բանան ներկրողն ո՞վ ա, երբ ասել եմ՝ չգիտեմ, նեղացել են: Իրենց պատկերացմամբ, իմ գործառույթը հենց այդ բանան ներկրողին իմանալն է: Ախր, հարազատներս, սիրելիներս, պատկերացնում եք՝ ես ամեն բան ներկրողին իմանամ, էդ ուր կհասնի: Դուք ուզում եք բանան ներկրողին ես իմանամ, մեկ ուրիշը՝ շաքար ներկրողին, ես սաղին իմանա՞մ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե բանանի ներկրմանը խոչընդոտողը պատիժ կրե՞լ է, թե ոչ:

Վարչապետի խոսքերով՝ իր համար դա կարևոր հարց չէ, կարևորն այն է, որ եթե նույնիսկ մեկը խոչընդոտել է, ապա այլևս նման դեպք չլինի:  «Այս պահին կա՞, չկա: Ունեք օրինակ, բերեք ասեք, բայց  ինձ միլիցիա մի սարքեք, ես իմ ֆունկցիան դրա մեջ չեմ տեսնում»,-նշեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հարցրեց՝  բանան ներկրողը բողոք ներկայացրե՞լ է, որ իրեն խոչընդոտել են:

Լրագրողների դիտարկմանը, թե մամուլի հրապարակումն արդեն իսկ դիմում է հանդիսանում, վարչապետն ասաց. «Պատկերացնո՞ւմ եք, եթե ոստիկանությունը բոլոր հրապարակումներին արձագանքեր, ի՞նչ ապարատ պետք է պահեր: Ես այնքան եմ կարդացել իմ եկամուտների մասին, հիմա պատկերացնում եք՝ ամեն գրածով բոլորին կանչեն, ասեն՝ ապացուցի՞, որ դու չունես: Ես չգիտեմ՝ խոչընդոտե՞լ են, թե ոչ, չգիտեմ՝ խոչընդոտվողը դիմում տվե՞լ է, թե ոչ:  Ինչ եք ուզում, ես ամեն մեկի հետևից վազեմ, ասեմ՝ ինչի՞ դիմում չեք տալիս: Լավ, դուք պատկերացնում եք՝ էսօր իմ ու ձեր հանդիպումը պետք է լիներ սա՞»:


 

Placeholder
Ինձ միլիցիա մի սարքեք. Վարչապետը՝ բանանի ներկրման մասին