Նոր ԸՕ-ում հաշվի են առնվել կատարված առաջարկությունների մեծ մասը. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույց
Քաղաքական
14:34 14/01/2017

Նոր ԸՕ-ում հաշվի են առնվել կատարված առաջարկությունների մեծ մասը. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույց

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) 2016 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է Կարիքների գնահատման առաքելություն:

Արդյունքում հրապարակվել է կարիքների գնահատման առաքելության զեկույցը, որում մանրամասն ներկայացվել է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների արդյունքում ստեղծված կառավարման նոր համակարգը, նոր Ընտրական օրենսգրքի պահանջները, ընտրությունների անցկացումն ապահովող իրավական դաշտը և այլն:

Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ Սահմանադրական բարեփոխումների արդյունքում կատարված փոփոխությունների համաձայն՝ զգալիորեն նվազեցվում են Նախագահի լիազորությունները՝ փոխարենը առավել լայն լիազորություններ վերապահելով վարչապետին և Ազգային ժողովին:

Կատարված փոփոխությունների համաձայն, կկրճատվի նաև խորհրդարանական տեղերի թիվը, և ընտրական համակարգը խառն ընտրակարգից անցում կկատարի բացառապես համամասնական ընտրակարգի: «2017 թվականի ապրիլի 2-ին ընտրողներն առաջին անգամ Ազգային ժողովի պատգամավորներ կընտրեն վերափոխված քաղաքական համակարգի պայմաններում», նշվում է ԵԱՀԿ կարիքների գնահատման զեկույցում:

Զեկույցում նաև հիշեցնում են, որ նախկինում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է իրականացրել Հայաստանում անցկացված ինը ընտրությունների և մեկ հանրաքվեի, այդ թվում՝ 2012 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ:

Անդրադառնալով Հայաստանի ներկայիս իրավական դաշտին կարիքների գնահատում իրականացնողները նկատել են, որ փոփոխված Սահմանադրության համաձայն՝ 2016-ի մայիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է նոր ընտրական օրենսգիրք, որում հունիսի 30-ին և հոկտեմբերի 20-ին կատարվել են լրացուցիչ փոփոխություններ:

«Հատկանշական է, որ բարեփոխման գործընթացը եղել է բաց և համապարփակ, և փոփոխությունները հավանության են արժանացել իշխող և ընդդիմադիր պատգամավորների ճնշող մեծամասնության կողմից», -նշվում է զեկույցում:

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմությունը պահանջներ էր ներկայացրել իշխանությանը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ձևավորվել էր «4+4+4» ձևաչափ ու երկար քննարկումներ էին ընթանում: Մասնավորապես, գլխավոր պահանջներից էր քվեարկությանը մասնակցած քաղաքացիների անունները հրապարակելը, և իշխանությունը ընդառաջեց, ու այդ պահանջը կատարվելու է:

Զեկույցում նաև նշվում է, որ 2016 թվականին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և Վենետիկի հանձնաժողովը հրապարակել են Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ երկու համատեղ եզրակացություն՝ գալով այն եզրահանգման, որ նախկինում կատարած առաջարկությունների մեծ մասը հաշվի է առնվել. նոր օրենսգրքով նախատեսվում է ընտրողների նույնականացման կատարելագործված համակարգ, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակում, ընտրական մարմինների անկախությունը խթանող միջոցներ, դիտորդների համար պարտադիր ստուգարքի վերացում և թեկնածուների ցուցակում կանանց քվոտաների բարձրացում: Փոփոխություններով նաև հստակեցվում են նախընտրական քարոզարշավին, նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը, թեկնածուների գրանցմանը և բողոքներին ու դիմումներին վերաբերող առանցքային դրույթները:

Նշենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելությունում ներգրավված են եղել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ դոկտոր Ռիչարդ Լապպինը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով խորհրդական պարոն Ալեքսեյ Գրոմովը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ-ին միացել է ԵԱՀԿ  խորհրդարանական վեհաժողովի ծրագրի ղեկավար պարոն Լուիք Պուլենը:

 

Placeholder
Նոր ԸՕ-ում հաշվի են առնվել կատարված առաջարկությունների մեծ մասը. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույց