Վիգեն Սարգսյանը` ընտրություններից հետո վարչապետ նշանակվելու լուրի մասին
Քաղաքական
10:40 16/01/2017
Հայաստան

Վիգեն Սարգսյանը` ընտրություններից հետո վարչապետ նշանակվելու լուրի մասին

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է 2017 թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորելու կամ հետագայում այլ պաշտոն վարելու մասին մամուլի հրապարակումները: Ըստ նախարարի, այդ լուրերը լրատվամիջոցների հնարքն են՝  աղմկոտ վերնագրերի միջոցով մեծ լսարան գրավելու նպատակով:  

«Կարծում եմ՝ այն հարցերը, որոնք հնչում են այս օրերին, շատ հստակ պատասխաններ արդեն ունեն:   Ինչ վերաբերում է ապագա վարչապետի խնդրին, ապա  երկրի ղեկավարը ՀՀԿ համագումարի ժամանակ շատ հստակ հնչեցրեց,  որ ընտրություններում  հաջողության  դեպքում մեր ապագա վարչապետը Կարեն Կարապետյանն է:  Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ցուցակը, որը հրապարակվելու է կուսակցության խորհրդում և գործադիր մարմնում քննարկվելուց հետո, մեր քաղաքական ուժի առաջնորդը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է, և նրանք, ովքեր  փորձում են  նոր վարկածներ առաջ քաշել, կարծում եմ՝ լսարանի հետևից ընկնելով են դա անում»,-«Հանրային հեռուստաընկերության» «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում ասել է Վիգեն Սարգսյանը:

Նա ասել է նաև, որ ինքն ամենաերջանիկ մարդը կլիներ, եթե շարունակեր այն պատասխանատու աշխատանքը, որը վստահվել է իրեն:

«Ամենաերջանիկ մարդը կլինեի, եթե ընտրություններում մեր գրանցած արդյունքը թույլ տար շարունակելու այս աշխատանքը այնքան ժամանակ, որքան հնարավոր  կլինի`  մեր  զինված ուժերի  կարողությունները ամրապնդելու, մեր պաշտպանունակությունը բարձրացնելու համար»,-ասել է պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ այս համատեքստում դրանից ավելի  իրեն ոչինչ  չի կարող  հետաքրքրել:

Placeholder
Վիգեն Սարգսյանը` ընտրություններից հետո վարչապետ նշանակվելու լուրի մասին