Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը սեպտեմբերի 1-ից ունենալու է  նոր պայմաններ. Նախարար
Կրթություն, գիտություն
10:35 16/01/2017
Հայաստան

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը սեպտեմբերի 1-ից ունենալու է նոր պայմաններ. Նախարար

«Հանրային հեռուստաընկերության» «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խոսել է ռազմաուսումնական հաստատությունների հեռանկարների մասին և շեշտել, որ  աշխատանք է տարվելու կենցաղային պայմանները բարելավելու և ուսման որակի  ընդհանուր վերահսկողությունը բարձրացնելու ուղղությամբ:

Անդրադառնալով  Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին, Վիգեն Սարգսյանն ասել է, որ իր նպատակն է այն դարձնել երկրի լավագույն ուսումնական հաստատությունը: Ռազմամարզական վարժարանը զարգացնելու գաղափարը   քննարկվել է  հանրապետության նախագահի և վարչապետի հետ, հայտնել է նախարարը:

«Սեպտեմբերի 1-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը  ունենալու է  նոր պայմաններ:  Այն ունենալու է  լողավազաններ, թենիսի կորտեր, ուսումնական լավագույն բազա,   լավագույն մանկավարժների թիմ և հնարավորություն է տալու 10-րդ, 11-րդ և 12-րդ  դասարաններում սովորող ցանկացած հայ երիտասարդի՝  դիմել, ընդունվել և ստանալ  անվճար լավագույն կրթությունը մեր երկրում: Ես վստահ եմ, որ սա պետք է շատ ոգևորի մեր տղաներին, նաև նրանց ծնողներին» ,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Նա հայտնել է նաև, որ վերջնական որոշման  դեպքում վարժարանը փոխելու է նաև գտնվելու վայրը և տեղափոխվելու է Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը՝ Տավուշի մարզ:

«Մենք քննարկում ենք և ուսումնասիրում ենք  հնարավորություններն այն հայտնի ուսումնական կենտրոնի, որը ժամանակին կառուցեց Պետական եկամուտների կոմիտեն, այնուհետև   կառավարության որոշմամբ  այն փոխանցեց Պետական գույքի կառավարման վարչությանը: Ես խնդրել եմ հանրապետության նախագահին և վարչապետին՝ քննարկել այդ հաստատությունը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին փոխանցելու հարցը»,- հավելել է Սարգսյանը:

Placeholder
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը սեպտեմբերի 1-ից ունենալու է նոր պայմաններ. Նախարար