Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում հնարավոր է Հայաստան բերվի «Քաոս» կտավը
Մշակույթ
14:59 17/01/2017
Հայաստան

Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում հնարավոր է Հայաստան բերվի «Քաոս» կտավը

Հայաստանի Ազգային պատկերասրահում այս տարվա ընթացքում, նախնական մայիսին, բացվելու է հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովկսու 200-ամյակին նվիրված ցուցահանդես: Լրագրողների հետ հանդիպմանը պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ասաց, որ այդ ցուցահանդեսին արդեն մեկ տարուց ավելի պատրաստվում են:

«Ներկայացնելու ենք մեր պատկերասրահի հավաքածուն, նաև գրաֆիկական աշխատանքներ, որոնք ժամանակին չեն ցուցադրվել: Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահից, Ռուսական արվեստի և «Պետերգոֆ» թանգարաններից Հայաստան են բերվելու 16  աշխատանք: Այժմ բանակցություններ ենք վարում Մխիթարյան միաբանության հետ, թեև իրենց հետ մի քիչ դժվար է, որպեսզի Այվազովսկու «Քաոս»-ը, որը համարվում է նրա գլուխգործոցներից մեկը, կարողանանք բերել և ցուցադրել մեր պատկերասրահում»,- նշեց Ա.Ծատուրյանը:

Նա հայտնեց, որ Ղրիմից՝ Թեոդոսիայի պատկերասրահից աշխատանքներ չեն բերելու, քանի որ նախ Թեոդոսիայում էլ ցուցահանդեսն են կազմակերպելու, բացի այդ ներքին հրաման կա, որ Թեոդոսիայի պատկերասրահի աշխատանքները  ՌԴ տարածքից դուրս չբերվեն:

Պատկերասրահի տնօրենն ասաց, որ այն սրահները, որտեղ  լինելու է ցուցահանդեսը, նախատեսում են վերանորոգել:

«Կա կոնցեպտ: Եթե  կարողանանք անել այն, ինչ ծրագրել ենք, վստահ եմ, որ այդպիսի ցուցահանդես  Հայաստանում երբեք չեք տեսել»,- հավելեց նա:

Հայաստանի Ազգային պատկերասրահում այսօր կա Այվազովսկու 57 գեղանկար, 31 գրաֆիկական աշխատանք:  Ազգային պատկերասրահը, Ա.Ծատուրյանի խոսքով, աշխարհում երկրորդ թանգարանն է, Թեոդոսիայի պատկերասրահից հետո, Այվազովսկու հավաքածուի քանակով:

Ազգային պատկերասրահի տնօրենը տեղեկացրեց, որ 2017-ի ընթացքում իրենք ցուցահանդեսներ են ունենալու նաև դրսում: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ ցուցահանդես են կազմակերպելու Նովոսիբիրսկում: Ռուսական նորաբաց Իմպրեսիոնիզմի թանգարանում բացվելու է «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդես, ներկայացվելու է հայ  հեղինակների 50 աշխատանք:

«Ցուցահանդեսի հետ կապված բոլոր ծախսերը կատարում է ռուսական կողմը: Նաև գումար տվեցին մեր աշխատանքների ռեստավրացիայի համար, որոնք նաև ներկայացվելու են ցուցահանդեսում: Կարողացանք բանակցությունների ընթացքում  որոշել, թե որ նկարիչների ինչ աշխատանքներ են ներկայացվելու, որպեսզի ռուս հասարակությունն ավելի լավ պատկերացում կազմի հայ արվեստի անցած ճանապարհի մասին»,- ասաց Ա.Ծատուրյանը:

2017-ին երկու ցուցահանդես է նախատեսված նաև Լեհաստանում:

2016 թվականին Ազգային պատկերասրահում և 12 մասնաճյուղերում կազմակերպվել է 61 ցուցադրություն: Նախորդ տարի պատկերասրահ ու նրա 12 մասնաճյուղ այցելել է 80 հազար 861 այցելու, որից մայր թանգարան՝ 55 հազար 795-ը, մասնաճյուղեր՝ 25 հազար 66-ը:

Placeholder