Ցեղասպանություն բառի համար Գարո Փայլանի դեմ դատական հայց է ներկայացվել
Քաղաքական
17:09 17/01/2017

Ցեղասպանություն բառի համար Գարո Փայլանի դեմ դատական հայց է ներկայացվել

Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության (ՄՄԿ-BBP) Էդիրնեի նահանգային կառույցի ղեկավար Արիֆ Քյոռօղլուն մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ հայց է ներկայացրել դատախազություն։

Գրում է  «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով թուրքական «Beyaz Gazetesi» թերթի կայքին:  Լրագրողների հետ զրույցում Քյորօղլուն Փայլանին մեղադրել է ժողովրդի մեջ քեն և թշնամանք սերմանելու մեջ։

Թուրք պատգամավորի պնդմամբ` մեջլիսում ցեղասպանություն բառի օգտագործումը ստորացուցիչ է թուրք ժողովրդի, հանրապետության և օրենսդիր մարմնի համար: Նա պնդել է, որ ցեղասպանության խնդիրը վիճարկելի հարց է:

«Մեր պետությունը բացել է այս թեմայի վերաբերյալ բոլոր արխիվային նյութերը՝ ներկայացնելով դրանք ողջ աշխարհի դատին», - ասել է Քյոռօղլուն: 
Նրա դիտարկմամբ՝ հայ պատգամավորն իր հայտարարությամբ հանցանք է գործել՝ թաքնվելով պատգամավորական անձեռնամխելիության ետևում:

Քյոռօղլուն անհեթեթորեն պնդել է, թե իբր Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր հայերն ու մյուս տեղաբնիկները ապրել են խաղաղ ու համերաշխ:

Աղբյուրը հիշեցնում է, որ  նախօրեին Թուրքիայի ազգային մեծ ժողովում ելույթ ունեցած հայ պատգամավոր Գարո Փայլանը հետևյալ հայտարարությունն էր արել. «Մի ժամանակ 40 տոկոսն էինք կազմում, հիմա մեկ հազարերորդ մասն ենք կազմում: Ուրեմն մեր գլխին մի բան եկել է... Ես ցեղասպանություն եմ անվանում, դուք ինչ ուզում եք` անվանեք: Պապիս ու նախնիներիս գլխին եկածը ես շատ լավ գիտեմ: Եկեք դուք դրեք անվանումը, ու բոլորս միասին առերեսվենք»:
Այս ելույթի համար հայ պատգամավորին որպես պատիժ արգելվել է մասնակցել մեջլիսի  առաջիկա 3 նիստերին:

Placeholder
Ցեղասպանություն բառի համար Գարո Փայլանի դեմ դատական հայց է ներկայացվել