Ազգային պատկերասրահի հավաքածուն վատ պայմաններում է պահվում. տնօրեն
Մշակույթ
13:25 17/01/2017
Հայաստան

Ազգային պատկերասրահի հավաքածուն վատ պայմաններում է պահվում. տնօրեն

Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուն ներկայումս ընդգրկում է շուրջ 40 հազար թանգարանային առարկա, որի մի մասը ներկայացված է մշտական ցուցադրության պատկերասրահի 56 սրահներում, ՀԱՊ մասնաճյուղերում, ինչպես նաև ժամանակավոր ցուցադրությունների տեսքով: Սակայն թանգարանային առարկաները պահպանության խնդիր ունեն:

Լրագրողների հետ հանդիպմանը Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ասաց, որ պատկերասրահում ջերմության, խոնավության, նկարների պահպանության խնդիրը եղել է և այսօր էլ առկա է:

«Պատկերասրահի շենքը բացարձակապես չի համապատասխանում ժամանակի մարտահրավերներին: Ունենք կաթսայատուն, ողջ օրն աշխատում է, բայց շենքում ձմռանը ցուրտ է լինում, ամռանը շատ շոգ: Պատուհաններն են հին: Մեր ժառանգությունը, հարստությունը վատ պայմաններում է: Անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել»,- նշեց նա՝ հավելելով, որ ղեկավարությունը պատկերասրահի նոր շենք կառուցելու ծրագիր ունի:

Ա.Ծատուրյանի խոսքով, իրենց փափագն է, որ պատկերասրահն ունենա նոր շենք, սակայն, հաշվի առնելով երկրի տնտեսական ծանր վիճակը, եթե հնարավորություն չկա նոր շենք կառուցելու համար, ապա պետք է այսօրվա շենքում սկսել թանգարանային առարկաների պահպանմանն ուղղված աշխատանքներ կատարել:

Պատկերասրահի տնօրեն ասաց, որ  վերականգնման բաժինն ունի 9  մասնագետ, ովքեր ողջ օրը «խեղդված աշխատում են»:

Ա.Ծատուրյանի խոսքով, դեռևս որևէ կտավ չի ոչնչացվել պահպանման վատ պայմանների պատճառով, սակայն կա կտավ, որ այնքան է վնասվել, որ չի կարելի ցուցադրել:

 

Placeholder
Ազգային պատկերասրահի հավաքածուն վատ պայմաններում է պահվում. տնօրեն