Մադրիդում բացվել է հայկական դպրոց
Կրթություն, գիտություն
15:52 17/01/2017
Աշխարհ

Մադրիդում բացվել է հայկական դպրոց

Մադրիդում երկու օր առաջ իր դռներն է բացել Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցը:  «Հայերն այսօր»-ին Աղավնի Գրիգորյանն ասել է, որ  Իսպանիայում ապրող հայ մանուկներն այսուհետ հնարավորություն կունենան պահպանելու հայ խոսքն ու ծանոթանալու հայ մշակույթին ու պատմությանը: Դպրոցի ուսուցիչները նշել են, որ  այս պահին առաջնային նպատակն է օտարության մեջ ապրող հայ մանուկը լինի տառաճանաչ, չմոռանա իր արմատները, լեզուն ու գիրը: Հայոց լեզվի դասերին զուգահեռ դպրոցում կանցկացվեն երաժշտության, նկարչության, ազգային ավանդական պարի, հայոց պատմության ու հայ եկեղեցու պատմության դասեր:

Երիտասարդ նվիրյալ ուսուցիչներն իրենց սաներին և ծնողներին ներկայացրել են դպրոցի գործունեության հիմնական սկզբունքներն ու դրույթները, հավաստիացրել, որ կանեն ամեն հնարավորը դասերը հետաքրիր ու արդյունավետ անցկացնելու համար: Դպրոցի առօրյան այդքանով չի սահամանափակվի. նախատեսվում է կազմակերպել տարբեր միջոցառումներ, հանդիպում-զրույցներ, էքսկուրսիաներ դպրոցի սաների մասնակցությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարությանը գրքեր, դասագրքեր է տրամադրել: Դպրոցի կայացման գործում մեծ ներդրում ունեն Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունը, Մադրիդի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Արդեն տասներեք հայ մանուկ անցկացրել են իրենց առաջին դասը: 

Placeholder
Մադրիդում բացվել է հայկական դպրոց