Վարչապետի հանձնարարականով պետական մարմինները կիրականացնեն ներդրումային ծրագրերի գույքագրում
Տնտեսություն
12:19 19/01/2017
Հայաստան

Վարչապետի հանձնարարականով պետական մարմինները կիրականացնեն ներդրումային ծրագրերի գույքագրում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում մինչև օրակարգին անցնելը վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ներդրումային ծրագրերի գույքագրմանը:

Վարչապետը նախարարներին հանձնարարեց, որ յուրաքանչյուրն իր ոլորտում իրականացնի ներդրումային ծրագրերի գույքագրում, կառավարության աշխատակազմ ներկայացնի այն ծրագրերը, որոնցում կանխատեսվում են ներդրումների իրականացում 2017թ-ին՝ հստակ նշելով ներդրումների կանխատեսվող ծավալը:

Վարչապետը մասնավորեցրեց, թե ինչի մասին է խոսքը. «Մասնավորապես, հաջորդ շաբաթվա ընթացքում բոլոր գերատեսչությունները, կոմիտեները հանրությանը հստակ պետք է հաշվետվություն ներկայացնեն, թե 2017-ին իրենց ոլորտներում ինչ ներդրումներ են ակնկալում»:

Կարեն Կարապետյանը  հավելեց, որ  ներդրումների աղբյուրները կարող են տարբեր լինել՝ վարկային, բյուջետային և այլն:

Ըստ նրա՝ այդ կանխատեսումների հիման վրա կառավարությունը պետք է ամփոփի, թե ընդհանուր ինչ ներդրումային ծրագիր է ստանալու:

Վերջում Կարեն Կարապետյանը նշեց, որ հանձնարարականը վերաբերում է նաև ՀՀ կրթության և գիտության, մշակույթի նախարարություններին:

Placeholder
Վարչապետի հանձնարարականով պետական մարմինները կիրականացնեն ներդրումային ծրագրերի գույքագրում