Վարչապետը մարզպետներին հանձնարարեց ներկայացնել համայնք-մասնավոր հատված գործունեության պիլոտային ծրագրեր
Տնտեսություն
13:08 19/01/2017
Հայաստան

Վարչապետը մարզպետներին հանձնարարեց ներկայացնել համայնք-մասնավոր հատված գործունեության պիլոտային ծրագրեր

Մարզային համայնքներում գործարար ակտիվության խթանման ու բյուջեի ծանրաբեռնվածության նվազեցման վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում նոր հանձնարարական տվեց ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին:

Մասնավորապես, հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել ու ՀՀ համայնքների ղեկավարներին տրամադրել համայնքերի կողմից մատուցվող ծառայությունների մասնավոր հատվածի միջոցով իրականացնելու, պատվիրակելու մեթոդական ուղեցույց և համապատասխան պայմանագրերի օրինակելի ձևեր:

«Մարզպետներին էլ հանձնարարում եմ եռամսյա ժամկետում համայնքների հետ համատեղ նախապատրաստել ու կառավարություն ներկայացնել մարզերում համայնք-մասնավոր հատված գործունեության պիլոտային ծրագրեր»,- նշեց  վարչապետը:

Նրա խոսքերով՝ մարզային այցերի ժամանակ բազմաթիվ տեղերում տեսնում են՝  այն գործառույթները, որոնք համայնքները կատարում են, որտեղ կա բիզնես տրամաբանություն, բազմաթիվ առաջարկություններ կարող են առաջանալ, որը մասնավորը կարող է անել: Դա, ըստ նրա, կբերի համայնքի բյուջեի նվազեցմանը, գործառույթի կատարման թափանցիկությանն ու էֆեկտիվությանը:

Կարեն Կարապետյանը նշեց, որ դա վերաբերում է աղբահանությանը, արտաքին լուսավորությանը, առողջապահությանը և այլ ոլորտներին:

«Պարոն Լոքյան, հատուկ ուշադրություն եք դարձնում, ես ծանոթացել եմ մեթոդաբանությանը, կարծում եմ՝ բավականին լուրջ աշխատանք տրամադրող նյութեր կան», - ասաց Կարեն Կարապետյանը:

 

Placeholder
Վարչապետը մարզպետներին հանձնարարեց ներկայացնել համայնք-մասնավոր հատված գործունեության պիլոտային ծրագրեր