Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լրագրողի հարցը Լավրովին այնքան լկտի էր, որ պարտադրեց բացահայտումներ անել. Շավարշ Քոչարյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցություններում վաղուց հայտնի է, որևէ դիրքորոշում չի փոխվել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարության մասին հարցին:
«Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը հայտնի է նաև այն հայտարարություններից, որոնք արել են համանախագահող երկրների նախագահները: Ուղղակի Ադրբեջանը միշտ դրանից դուրս է գործել: Իսկ տվյալ պարագայում մի լրագրող իրեն թույլ է տվել այնպիսի մի անպարկեշտ հայտարարություն, որն ուղղակի բերել է նրան, որ Լավրովը բացահայտել է այն, ինչ առանց այն էլ ակնհայտ է»,-հայտարարեց Քոչարյանը:
Լրագրողը փորձեց հստակեցնել՝ լրագրողի հարցն է՞ եղել պատճառը, որ Լավրովն այդպես է արտահայտվել, թե՞ դա Ռուսաստանի դիրքորոշումն է, Քոչարյանը արձագանքեց.
«Համանախագահները սովորաբար զգուշավոր են խոսում, տվյալ պարագայում լրագրողի հարցը, ներողություն, այնքան լկտի էր, որ պարտադրեց բացահայտել»:
Դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները հավասարության նշան են դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև, ՀՀ փոխարտգործնախարարը պատասխանեց.
«Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները միշտ էլ այդպես են եղել: Ու դա թերի է նաև նրանով, որ չկա հասցեագրում, իսկ դա հնարավորություն է տալիս Բաքվին գործել ավելի սանձարձակ»:
Հիշեցնենք՝ Մոսկվայում ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միջադեպերի քննության մեխանիզմների ներդրման և դիտորդների թվի ընդլայնման մասին համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել 2016-ի ապրիլյան իրադարձություններից հետո, մինչ այժմ չեն իրականացվել ԵԱՀԿ-ի ներսում կոնսենսուսի բացակայության պատճառով: Իսկ պատճառների մասին նա խորհուրդ էր տվել հետաքրքրվել ԵԱՀԿ ներկայացուցիչներից:
Ադրբեջանցի լրագրողը այդ ասուլիսում հետաքրքրվել էր, թե ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի դիրքորոշումը, եթե Ադրբեջանը սկսի «ազատել իր օկուպացված տարածքները», արդյոք Մոսկվան ա՞չք կփակի, թե՞ «կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին»: Ի պատասխան ՌԴ արտգործնախարարն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «բացառապես Ադրբեջանի ներքին գործերի թեմա չէ», դրա վերաբերյալ «որոշումների մի ամբողջ հավաքածու» գոյություն ունի:
Նաև նշել էր . «Օկուպացված տարածքներն ազատելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջը պահպանում է ուժը, սակայն ոչ մի դեպքում՝ ուժի միջոցով, և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու պարագայում»: