Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե դաշինքային ձևաչափը չստացվի ընտրություններին միայնակ գնալու տարբերակը կա. Արմեն Մարտիրոսյան
«Չկա ու չի կարող լինել մի կին, որը կասի, որ ես նրան մատով կպել եմ կամ փորձել եմ կպնել», -այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով մամուլում հրապարակված տեղեկությունը, թե ինքը երեկ կուսակցության վարչության փակ նիստում փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանին:
«Այդ տեղեկությունը հերյուրանք է և թույլատրելի չէ բարոյականության սահմանները անցնելը», -հավելեց Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած նիստին, ապա ըստ Մարտիրոսյանի, դրա արդյունքների մասին վաղ է խոսել և իրենք երեկ ուղղակի հանդիպել են կուսակցականների հետ՝ ներկայացնելու ընթացող քննարկումների մասին:
«Մենք երեկ հանդիպել ենք կուսակցականների հետ նրանց կարծիքը լսելու ստեղծված իրավիճակի հետ կապված: Ընդամենը դա էր», -ասաց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, այժմ խնդիրն այն է, որ կուսակցության վարչության անդամները ցանկանում են երկրում արմատական փոփոխություններ և դա միայն կարող է լինել միասնական ջանքերով:
«Իսկ դրան հասնելու միակ տարբերակը դաշինքային ձևաչափն է, եթե դաշինքային ձևաչափը չստացվի ինչ-ինչ պատճառներով, այդ ժամանակ արդեն միայնակ գնալու տարբերակը մեր մոտ կա», -փոխանցեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Հարցին, թե այդուհանդերձ ընտրություններին միայնակ մասնակցելու մտադրություն կուսակցություն ունի՞. Մարտիրոսյանը պատասխանեց. «Բոլոր տարբերակներն այս պահին սեղանի վրա են»: