«Բի-Բի-Սի»-ն  ընդունել է, որ «Շերլոկ»-ի արտահոսքը համացանց  չի եղել կանխամտածված
Մշակույթ
11:32 20/01/2017
Աշխարհ

«Բի-Բի-Սի»-ն ընդունել է, որ «Շերլոկ»-ի արտահոսքը համացանց չի եղել կանխամտածված

Բրիտանական «Բի-Բի-Սի» հեռուստաալիքն ընդունել է, որ «Շերլոկ» սերիալի չորրորդ եթերաշրջանի եզրափակիչ դրվագի արտահոսքը համացանց կանխամտածված չի եղել: ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է «Առաջին ալիք»-ի ներկայացուցիչը:

««Առաջին ալիք»-ն ավարտել է «Շերլոկ» ֆիլմի վերջին դրվագի՝ համացանց արտահոսքի հետ կապված հետաքննությունը: Մենք ցավով հայտնում ենք, որ մեր աշխատակիցներից մեկը, առանց չար մտքի, խախտել է անվտանգության խիստ արձանագրությունները, պարտականությունների կատարման ժամանակ թույլ է տվել հանցավոր անփութություն»,- ասել է հեռուստաալիքի ներկայացուցիչը:

Դրա արդյունքում, նրա խոսքով, ֆայլը հայտնվել է համացանցում:

«Մենք ուզում ենք վստահեցնել մեր գործընկերներին և հեռուստադիտողին, որ այս միջադեպից հետո մենք ամբողջությամբ փոխել ենք անվտանգության արձանագրությունները, որպեսզի խուսափենք նմանատիպ դեպքերից: Մենք ներողություն ենք խնդրում Hartswood Films-ից, BBC Worldwide-ից  և «Շերլոկ»-ի երկրպագուներից»,- ասել է նա:

BBC Worldwide-ից հայտնել են, որ ողջունում են հեռուստաալիքի քայլերը՝  ապագայում նման դեպքերը բացառելու համար:

«Մենք «Առաջին ալիք»-ի հետ միասին կաշխատենք, որպեսզի դա ապահովենք: Մենք շնորհակալություն ենք հայտնում «Շերլոկ»-ի բոլոր երկրպագուներին ամբողջ աշխարհից, ովքեր միացան և օգնեցին մեզ և ռուս գործընկերներին  ֆիլմի արտահոսքի հետևանքները նվազագույնի հասցնելու համար: BBC Worldwide շնորհակալություն է հայտնում  նաև «Առաջին ալիք»-ին պատշաճ կերպով հետաքննություն անցկացնելու համար, և այսքանով մենք այս թեման համարում ենք փակված»,- ասել են ընկերությունից:

«Շերլոկ» սերիալի չորրորդ սեզոնի վերջին՝ երրորդ դրվագի պրեմիերան կայացել է հունվարի 16-ի գիշերը, սակայն մինչև պաշտոնական ցուցադրությունը հայտնվել էր համացանցում: ՌԴ-ում ֆիլմը պետք է ցուցադրվեր բրիտանական պաշտոնական պրեմիերայից մի քանի րոպե անց «Առաջին ալիք»-ով: Դեռևս հունվարի 15-ի կեսօրին հայտնի էր դարձել, որ սերիալը հայտնվել է համացանցում «Առաջին ալիք»-ի պաշտոնական թարգմանությամբ: Սերիալի ստեղծողները դիմել էին ռուս գործընկերներին չտարածել  ֆիլմը, որն անօրինական հայտվել է ինտերնետում ցուցադրությունից մեկ օր առաջ:

Placeholder
«Բի-Բի-Սի»-ն ընդունել է, որ «Շերլոկ»-ի արտահոսքը համացանց չի եղել կանխամտածված