Վարչապետ. Դպրոցների հետ կապված ունենք բազմաթիվ խնդիրներ
Տնտեսություն
17:19 21/01/2017
Հայաստան

Վարչապետ. Դպրոցների հետ կապված ունենք բազմաթիվ խնդիրներ

«Չափազանց կարևորում ենք բիզնես միջավայրում հավասար, արդար և թափանցիկ դաշտի ձևավորումը, այդ առումով, ներկայացված առաջարկները կարևոր են մեզ համար»:  Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարության հասարակայնության և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Կարեն Կարապետյանն արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարել է մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել նշված առաջարկությունները և ներկայացնել լուծումներ: Վարչապետը կարևորել է բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրման  գաղափարը և այդ  ուղղությամբ տարվող աշխատանքները:

Վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարում կարևորել է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, հետադարձ կապի ապահովումն ու հանրային վերահսկողության բարձրացումը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ ներկայացված գաղափարի շուրջ համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ նախաձեռնել քննարկում:

«Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը ներկայացրել է «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» հետազոտության արդյունքները և նշել, որ փորձել են վեր հանել կրթության ոլորտում բոլոր համակարգային խնդիրները, ներկայացնել դրանց լուծման առաջարկություններ: Ներկայացված հիմնախնդիրների և առաջարկությունների շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:

Վարչապետը նշել է, որ կրթական համակարգում նախապատրաստվում է բարեփոխումների մեծ փաթեթ, որով ներկայացվելու են առկա տարբեր խնդիրների լուծման ուղիները:

«Դպրոցների հետ կապված ունենք բազմաթիվ խնդիրներ, ունենք մեկ աշակերտին հասնող քառակուսի մետրաժի ավելցուկ, ոչ լավ կենցաղային պայմաններ, աշակերտի թվով ուսուցիչների քանակի ավելցուկ, թերբեռնված դպրոցներ»,-ասել  է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ ուսումնասիրել զեկույցում բարձրացված խնդիրները, դրանք քննարկել շահագրգիռ կողմերի հետ և ներկայացնել առաջարկություններ՝ նախարարության գերակա խնդիրների, միջոցառումների և օրենսդրական փոփոխությունների տեսքով:        


 

Placeholder
Վարչապետ. Դպրոցների հետ կապված ունենք բազմաթիվ խնդիրներ