Fitch-ը վերահաստատել է Հայաստանի «B+» վարկանիշը
Տնտեսություն
15:51 21/01/2017
Հայաստան

Fitch-ը վերահաստատել է Հայաստանի «B+» վարկանիշը

Fitch Ratings համաշխարհային վարկանիշային ընկերությունը  կայուն կանխատեսմամբ վերահաստատել է Հայաստանի B+ վարկանիշը: Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից:

Հայաստանի վարկանիշի վերահաստատումը պայմանավորված է համարժեք երկրների շարքում մեկ շնչին ընկնող համեմատաբար բարձր ՀՆԱ-ով, մարդկային զարգացման և կառավարման ցուցանիշներով, ինչպես նաև վստահելի դրամավարկային և արտաքին պարտքի կառավարման քաղաքականությամբ: Միաժամանակ վարկանիշի վրա բացասաբար են անդրադարձել արտաքին պարտքի բարձր ցուցանիշը, ֆիսկալ դեֆիցիտը, բանկային հատվածի դոլարիզացիան և «խնդրահարույց հարաբերությունները որոշ հարևան երկրների հետ»:

Fitch-ի գնահատմամբ` 2016թ-ին տնտեսական աճի տեմպերի որոշակի դանդաղումը պայմանավորված էր համախառն պահանջարկի նվազմամբ, որն էլ  օտարերկրյա տրանսֆերների կրճատման հետևանք է: Ռուսական տնտեսությունում արձանագրված վերականգնման միտումները,  կփոխանցվեն նաև Հայաստան և 2017 ու 2018 թվականներին հնարավոր կլինի ակնկալել համապատասխանաբար 2.1 և 3.1 տոկոս տնտեսական աճ:

«2015թ-ի դեկտեմբերին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում Հայաստանը այժմ գտնվում է  կիսանախագահականից խորհրդարանական համակարգի անցման փուլում է: Երկրում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն 2017թ-ի ապրիլին: Fitch-ը չի ակնկալում նշանակալի փոփոխություններ տնտեսական քաղաքականության ուղղությամբ: 2016թ-ի ապրիլին կարճաժամկետ ռազմական էսկալացիայից հետո Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը վերադարձել է նախկին ցածր մակարդակի ոչ հաճախակի բախումների»,- նշում է ընկերությունը:

Fitch-ի կանխատեսմամբ՝ Հայաստանում շարունակվելու է պահպանվել կայուն սոցիալական և քաղաքական իրավիճակը, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում չի կանխատեսվում այնպիսի երկարաժամկետ էսկալացիա, որը կարող է ազդել երկրի տնտեսական և ֆինանսական կայունության վրա:

Placeholder
Fitch-ը վերահաստատել է Հայաստանի «B+» վարկանիշը