Արցախի ՄԻՊ-ը՝ Լապշինի արտահանձնման մասին. «Արցախի վերաբերյալ ազատ խոսքը լռեցնելու փորձ է»
Իրավունք
14:03 21/01/2017

Արցախի ՄԻՊ-ը՝ Լապշինի արտահանձնման մասին. «Արցախի վերաբերյալ ազատ խոսքը լռեցնելու փորձ է»

Հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինին՝ Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի որոշումը ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը համարում է մարդու իրավունքների լրջագույն խնդիր է համարում:

Դեկտեմբերի վերջից ՄԻՊ գրասենյակում ուշադիր հետևում են Լապշինի ձերբակալությանն ու  հարցի վերաբերյալ հանրային տեղեկատվությանը:

«Առկա տեղակատվությունը մեզ հիմք էր տալիս հարցը դիտարկել ոչ միայն զուտ իրավական, այլև մարդու իրավունքների տեսանկյունից՝ որպես մարդու իրավունքների խախտում և դրա վտանգ պարունակող գործ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

Երեկ պարզ դարձավ, որ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահը հրապարակել էր որոշման քաղվածքը: 

Այդ տեղեկատվությունը Արցախի ՄԻՊ-ին ու աշխատակազմին ավելի հաստատակամ են դարձրել մոտեցման մեջ:

«Արդեն միանշանակ հետևություն կարելի է անել, որ մենք գործ ունենք երկու լրջագույն խնդիրների հետ՝ խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության: Սա ուղղակի Արցախի վերաբերյալ ազատ խոսքը լռեցնելու փորձ է, որովհետև ուշադրություն դարձնելով Լապշինին ներկայացված մեղադրանքներին, նրան ուղղված հրապարակային կոչերին, գալիս ենք համոզման՝ լռեցնելու փորձ է: Դա նաև Արցախ այցելությունները սահմանափակելու, մարդկանց վախեցնելու գործիք է, երեկվա տեղեկատվությունն ավելի ամրապնդեց մեր այս համոզմունքը: Սա պարզապես քողարկված վատ իրավաբանություն է»,-ասաց Ռ. Մելիքյանը:

Արցախի օմբուդսմենի համոզմամբ, խնդիրը ոչ այքնան ԼՂՀ-ին ու հայությանն է վերաբերում, որքան մարդու իրավունքների արժեքաբանության հիմքերը խարխլելուն:

«Ստորաբար ոտնահարում են մարդու իրավունքների ամենահիմնարար սկզբունքները՝ խոսքի ազատությունը հարգելու սկզբունքը, տեղաշարժման ազատությունը, կամայականությունների արգելքը: Լավագույն արձագանքը, որ այս պարագայում լավագույն արձագանքը, որ պետք է տա միջազգային իրավապաշտպան հանրությունը, սկզբունքային դրդապատճառներով լրացուցիչ մոտիվացիա ձևավորելն է՝ Արցախի նկատմամաբ հետաքրքրությունը մեծացնելու, Արցախ այցելությունները շատացնելու ուղղությամբ»,-ասաց նա:

Նա կոչ արեց հայկական իրավապաշտպան հանրությանը շեշտադրել այս ուղղությունը, միջազգային գործընկերներին այդ ուղերձը տեղ հասցնել:
«Մենք ինքներս էլ այս ուղղությամբ աշխատում ենք»,-ասաց ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի փաստաբանների պալատի կողմից ստեղծված աշխատանքային խումբը աշխատում է այս հարցով և իր հնարավորությունների սահմաններում մասնագիտական օժանդակություն կցուցաբերի Լապշինին։
«Ալեքսանդր Լապշինը մեր պաշտպանության կարիքն ունի։ Բոլոր իրավաբան և լրագրող գործընկերներիս կոչ եմ անում միանալ Ալեքսանդր Լապշինի պաշտպանությանը»,-հայտարարել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

 

Placeholder
Արցախի ՄԻՊ-ը՝ Լապշինի արտահանձնման մասին. «Արցախի վերաբերյալ ազատ խոսքը լռեցնելու փորձ է»