Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միջազգային զեկույցում Հայաստանի կրթական համակարգի մասին ցուցանիշները հուսադրող չեն
Օրեր առաջ Դավոսի տնտեսական ֆորումում հրապարակված տաղանդի մրցունակության մասին զեկույցում Հայաստանին վերաբերող տվյալները մեղմ ասած լավը չեն: Զեկույցի կրթության հատվածը ուսումնասիրել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով զեկույցի կրթական բաղադրիչը, Խաչատրյանն ասաց, որ տաղանդներ աճեցնելու տեսանկյունից Հայաստանն ամենացածր ցուցանիշն ունի. 118 երկրների շարքում Հայաստանը 109-րդ տեղն է զբաղեցրել:
2013-ին Հայաստանը զբաղեցրել է այդ ցուցակում 74-րդ հորիզոնականը, 2015-16-ին՝ 102-րդ։
«Հայաստանում մի խնդիր կա, երբ ասում ենք կրթություն, մարդիկ հասկանում են մանկապարտեզ, քոլեջ, համալսարան միայն: Բայց քանի որ զեկույցը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում է հրապարակվում, ապա դրանում կրթությունը դիտարկվում է ավելի լայն սպեկտորով, այսինքն՝ նաև ինչպես են կրթվում այն մարդիկ, ովքեր աշխատում են արդեն: Դա մենք համարում ենք ոչ ֆորմալ կրթություն, որը ընդունված է համարել Lifelong learning», -ասաց Սերոբ Խաչատրյանը:
Իսկ այս առումով Հայաստանի ցուցանիշները վատն են, ինչի պատճառով մեր երկիրը 118 երկրների շարքում զգալի նահանջ է արձանագրել. Հայաստանը 114-րդ տեղում է: Ըստ փորձագետի, Հայաստանում տարբեր հիմնարկներում արդեն աշխատող մարդիկ զուգահեռ կրթություն չեն ստանում, վերապատրաստումներ կամ իրենց մասնագիտական ուղղվածությամբ կոնֆերանսների ու այլ զարգացման ծրագրերի չեն մասնակցում:
Խնդիրը, Սերոբ Խաչատրյանի խոսքով, խորքային է, նույնիսկ ավանդական է դարձել, քանզի հայաստանյան իրականության մեջ մարդիկ բավարարվում են առաջնային կրթությամբ, իսկ հետո երբ աշխատանք են գտնում, մոռանում են կրթության մասին:
«Ես ինքս էլ վերապատրաստումների մասնակցում եմ, տեսնում եմ՝ մարդիկ, ովքեր ավարտել են, աշխատում են, իրենք շատ դժկամ են սովորելը շարունակելու հարցում: Միգուցե մեր առաջարկած ծրագրերը լավը չեն վերապատրաստման, որովհետև հնարավոր է մենք մեծերին սովորեցնում ենք այնպես, ինչպես ուսանողներին: Ասենք օրինակ, գնում ենք մասնագետներին լեկցիա ենք կարդում, մասնագետ մարդ է, ինքը չի ուզում նստի, երկու ժամ լսի: Այս հարցում մենք իրոք, կաղում ենք, ու սա հենց հարվածում է Հայաստանի տնտեսությանը: Այս զեկույցը նաև ինչ-որ իմաստով Հայաստանին ասում է, որ քո մարդկային կապիտալը, որն աշխատում է, չի սովորում: Իսկ թե ինչու, այդ զեկույցը չի ասում:
Մենք պետք է փորձենք հասկանալ՝ ինչու է այդպես: Հայաստանում շատ գործատուներ կան, որոնք փող չեն դնում իերնց աշխատողների կրթության վրա: Օրինակ՝ մասնագիտական կոնֆերանսների մասնակցություն, նրանք ուղղակի կարճաժամկետ ծրագրերի մասին են մտածում՝ ուզում են այսօր փողը դնեն, վաղը շահույթն ստանան: Մինչդեռ աշխարհի շատ ընկերություններ իրենց դպրոցներն ունեն, կարողանում են աճեցնել կադրերին», -նկատեց պարոն Խաչատրյանը:
Պետության կողմից բուհերի ֆինանսավորման ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 98-րդ տեղը, ինչը փորձագետը ցածր ցուցանիշ է համարում:
Այդուհանդերձ, Հայաստանն առաջնային դիրքեր ունի. այստեղ հասարակության մեծ մասը բուհական դիպլոմ ունի և այդ ցուցանիշով Հայաստանը 3-րդ տեղում է: Այսինքն Հայաստանը բարձրագույն կրթությամբ բավական բարձր ցուցանիշներ ունի: Դրա պատճառը, փորձագետի խոսքով, շատ պարզ է:
«Այսինքն՝ երբ պետությունը փող չի տալիս համալսարաններին, համալսարանները կախվածություն են ունենում ուսման վարձերից և իրենք ասում են՝ շատ լավ, եկեք սովորեք, ինչքան վարձ տաք, մեր համար լավ: Հիմա մեզ մոտ ընդունելությունը հեշտ է, ցավոք սրտի, ստացվել է այնպես, որ հիմա բուհերն են խնդրում, որ ուսանողները գան դիմեն, թեկուզ հեռակա: Դրա համար նման արդյունք է ստացվել», -նկատեց մեր զրուցակիցը:
Բոլոր ցուցանիշներով Հայաստանն առջևում է Բուրկինա Ֆասոից‚ Մադագասկարից‚ Մոզամբիկից‚ Զիմբաբվեից‚ Բանգլադեշից‚ Ալժիրից‚ Ուգանդայից‚ Եթովպիայից‚ Պակիստանից:
Սերոբ Խաչատրյանն ասաց նաև, որ զեկույցի հեղինակներն օգտվել են արդեն իսկ գոյություն ունեցած վիճակագրական տվյալներից: