Սամվել Մարտիրոսյան. Լապշինի գործը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ
Քաղաքական
13:25 23/01/2017

Սամվել Մարտիրոսյան. Լապշինի գործը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ

«Արտահանձման գործընթացները նախատեսված են երկկողմանի պայմանագրերով կամ կոնվենցիայով: Տվյալ դեպքում կարծում եմ, դա Մինսկի կոնվենցիան է: Բայց, ընդունող կողմի հայտարությունը արտահանձման նպատակի մասին պետք է համապատասխանի իրականությանը»: «Որքանո՞վ է իրավաչափ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահ անձնումը Ադրբեջանին» թեմայով քննարկման ժամանակ ասաց, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը:

Նա հիշեցրեց Սաֆարովի դեպքը, երբ Ադրբեջանը երաշխիքներ էր տվել, որ կացինով մարդ սպանած հանցագործը պատիժը կրելու է հայրենիքում: Նշենք, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Սաֆարովն Ադրբեջան հասնելուն պես ազատ արձակվեց, հերոսի կոչում ստացավ:

Իրավաբանի խոսքով, այս պարագայում արտահանձման հիմքում ընկած է հայատյացությունը, ռասիզմը, Ադրբեջանի պետական քաղաքականության շարունակությունը:

«Իսկ ձևական նպատակը հանցավորության դեմ պայքարն է, քանի որ Լապշինը անօրինական երկիր է մուտք գործել: Հաշվի առնելով, որ Լապշինը լրագրող է, բլոգեր, նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվում է հայերի մասին բարյացակամ արտահայտվելու, Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար: Այստեղ և ազատ արտահայտվելու իրավունքի խախտում կա, և խտրականության արգելքի երաշխիքի»,-ասաց Ա. Ղազարյանը:

Նա նշեց, որ Լապշինի ընտանիքի անդամների հետ կապ է պահպանում Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Դատախազի՝ արտահանձման մասին որոշումը դեռ չի բողոքարկվել: Հայաստանցի փաստաբաները պարտավորվել են օգնել Լապշինի փաստաբաներին, արդեն մի փաստաթուղթ եզրահանգումներով ուղարկել են բելառուս գործընկերներին, որտեղ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281 հոդվածը համեմատում են Թուրքիայի հայտնի 301 հոդվածի հետ:

«Դա Դինքի գործն է, Փամուկի գործն է, տասնյակ այլ դատական գործեր, որոնք միջազգային հանրությունը, ՄԻԵԴ-ը չեն ընդունում, անընդհատ քննադատում են: Երբ անձը հրապարակավ հայտարարություն է անում՝ քննադատելով որևէ երկրի կառավարության քաղաքականությունը, դա չպետք է դիտվի որպես տարածքային ամբողջականության դեմ,  սահմանադրական կարգը տապալելու  կամ ատելության կոչ»,-ասաց նա:

Քննարկման մասնակից մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կցկտուր տեղեկությունների հիման վրա եկել է եզրահանգման, որ հրեա բլոգերին նոր մեղադրանք է առաջադրվել՝ Ադրբեջանում  ահաբեկչական խումբ ձևավորելու փորձի մեջ:  Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանություններն այդ պրակտիկան հաճախ են կիրառում նաև տեղացի բլոգերիների ու ակտիվիստների նկատմամբ:

«Կարծում եմ, այս պահին Բելառուսի և Ադրբեջանի իշխանությունները փորձում են լրջացնել գործը, որպեսզի փորձեն խուսափել քննադատություններից: Լապշին գործի շուրջ աղմուկը գնալով շատանում է: Հասկանալի է, որ սա  քաղաքական գործ է, բայց դժվար է ասել, թե ինչ ընթացք կստանա»,-ասաց  Ս. Մարտիրոսյանը:

Մեդիա փորձեգետը զգուշացնում է, որ խնդիրը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ: 

«Ո՞վ է բացառում, որ մի լրագրող, քաղաքագետ, ով Ադրբեջանի իշխանությունների դուրը չի գալիս, գնա Մինսկ ու նույն հոդվածով չի հայտնվի Ադրբեջանում: Անպայման չէ, որ մարդը լինի Հայաստանի քաղաքացի: Շատ մարդիկ Ադրբեջանի համար տեղեկատվական, քարոզչական առումով վտանգավոր են համարվում: Արդյո՞ք ունենք երաշխիք, որ այդ մարդիկ Ադրբեջանի պահանջով չեն ձերբակալվի: Այս ամեն ինչը տեսնելով ես երաշխիք չունեմ, մարդիկ պետք է այս վտանգը հաշվի առնեն Բելառուս մեկնելուց առաջ»,-նա:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ  Ադրբեջանն ամեն ինչ անում է մեկուսացնելու Հայաստանը և Ղարաբաղը:

«Այն տենդենցը, որ այլազգի մարդիկ գնալով ավելի շատ էին այցելում Ղարաբաղ, փորձում են կասեցնել այս կերպ»,-ասաց նա:

Placeholder
Սամվել Մարտիրոսյան. Լապշինի գործը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ