2019 թ-ին շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան  և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը. Սերժ Սարգսյան
Տնտեսություն
10:44 25/01/2017
Հայաստան

2019 թ-ին շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը. Սերժ Սարգսյան

Էներգետիկայի բնագավառը լինելով Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևոր ճյուղերից մեկը, վերջին տարիներին էական ձեռքբերումներ է գրանցել: Այս մասին այսօր Երևանում մեկնարկած «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շրջանակներում անցկացվող համաժողովում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքերով՝ էներեգետիկայի ոլորտում տարվող աշխատանքներն ուղղված են Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, հուսալի և անխափան ծառայությունների մատուցմանը:

Հանրապետության ղեկավարը նշեց, որ միջազգային կազմակերությունների աջակցությամբ գրեթե ամբողջովին արդիականացվել են համակարգային նշանակություն ունեցող բարձրավոլտ ենթակայանները; Բացի այդ, այս բնագավառում շարունակական և հետևողական աշխատանքներ են տարվում նոր հզորություններ ստեղծելու, էլեկտրահաղորդման նոր  գծեր կառուցելու, նոր տեխնոլոգիաներ ներդնելու ուղղությամբ:

Տարածաշրջանային առումով էլ, ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանը համագործակցում է Իրանի և Վրաստանի հետ:

«2019 թ-ին շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան  և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը, որոնք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի էներգետիկ համակարգը: Նշված ծրագրերը թույլ կտան իրականացնել էլեկտրաէներգիայի տարանցումներ, սեզոնային փոխհոսքեր և փոխանակումներ, ինչպես նաև առևտրային այլ գործարքներ»,- նշեց ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանը՝  որպես ԵԱՏՄ անդամ երկիր, կարող է յուրօրինակ կամուրջ լինել Իրանի Իսլամական Հանրապետության և ԵԱՏՄ-ի միջև: Այդ հանգամանքը, ըստ Նախագահի, լիովին հնարավորություններ է ստեղծում  ներդրումային բազմաթիվ ծրագրերի իրականացման համար՝ ինչպես տեղական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից: 

Նշենք, որ «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների եռօրյա շարքը իրականացվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի նախաձեռնությամբ: Միջոցառման շրջանակներում կներկայացվեն Հայաստանում էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում կատարված վերջին զարգացումներն ու առկա հիմնախնդիրները, ինչպես նաև՝ ոլորտում հավանական ներդրումների հեռանկարները։



Placeholder
2019 թ-ին շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը. Սերժ Սարգսյան