Transparency International. Հայաստանը 113-րդն է «Կոռուպցիայի ընկալման ինդեքսում»
Իրավունք
11:23 25/01/2017
Հայաստան

Transparency International. Հայաստանը 113-րդն է «Կոռուպցիայի ընկալման ինդեքսում»

Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է ամենամյա  «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2016»-ը հետազոտությունը:

Կազմակերպության հետազոտության մեջ աշխարհի երկրները դասակարգվել են՝ ըստ պետական ոլորտում կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ փորձագետների ու ձեռնարկատերերի կողմից տրվող գնահատականների։  Որքան ցածր դիրքեր է երկիրը զբաղեցնում ինդեքսում, այնքան բարձր է այնտեղ կոռուպցիայի ընկալման մակարդակը։

Ինդեքսը հաշվարկվում է վերջին երկու տարիների (2015-2016) տվյաների հիման վրա, որոնք հավաքվել են Համաշխարհային բանկի, Freedom House-ի, Կառավարման զարգացման միջազգային ինստիտուտի և ևս 9 անկախ կազմակերպությունների կողմից։

176 երկրների թվում Հայաստանը 113-րդն է (33 միավոր՝ հնարավոր 100-ից)։ Հայաստանը 113-րդ հորիզոնականը կիսում է Բոլիվիայի ու Վիետնամի հետ։

Նախորդ տարվա՝ «Կառուպցիայի ընկալման ինդեքս-2015»-ում Հայաստանը 167 երկրների շարքում զբաղեցրել էր 95-րդ հորիզոնականը՝ ստանալով 35 միավոր։

Վրաստանը 44-րդ, Թուրքիան 75-րդ, Ադրբեջանը 123-րդ, Իրանը Ռուսաստանի հետ 131-րդ տեղերում են։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում են Դանիան և Նոր Զելանդիան (90 միավոր), երկրորդ տեղում Ֆինլանդիան է (89 միավոր), երրորդում՝ Շվեդիան (88 բալ)։

Վարկանիշը եզրափակում են Հյուսիսային Կորեան (12 միավոր), Հարավային Սուդանը (11 միավոր) և Սոմալին (10 միավոր)։

Transparency International-ն այս ինդեքսը հրապարակում է ամեն տարի՝ սկսած 1995 թվականից։

Placeholder
Transparency International. Հայաստանը 113-րդն է «Կոռուպցիայի ընկալման ինդեքսում»