Արցախից Երևան տեղափոխված 2 զինծառայողի վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է
Առողջություն
13:50 25/01/2017
Հայաստան

Արցախից Երևան տեղափոխված 2 զինծառայողի վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է

Երեկ Ստեփանակերտից Պաշտպանության բանակի երկու զինծառայողի  տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանն է, որը վիրավորվել է ստորին վերջույթներից, լուրջ վնասվածք ունի ծնկան հոդի շրջանում:

«Գիշերը վիրահատել ենք և ստիպված ենք եղել ամպուտացնել նրա ստորին վերջույթը: Հիմա նրա վիճակը կայուն է: Սկզբնական շրջանում փորձել ենք օրգան պահպանող վիրահատություն անել,  սակայն վնասվածքի ծավալը մեծ էր և չի հաջողվել»,- ասաց Կամավոր Խաչատրյանը`  հավելելով, որ պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանը երեք օր առաջ է վիրավորում ստացել. վիրավորվել է մարտական հերթապահության ժամանակ հակառակորդի կողմից:

Նրա խոսքով, զինծառայողի վիրահատությունն այնպես է արվել, որ հետագայում պրոթեզավորեն:

«Քանի որ վիրավորը բավականին արյուն է կորցրել, նրա վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է գնահատվում, սակայն վաղը, կարծում եմ, կլինի ծանր»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է երեկ Երևան տեղափոխված մյուս վիրավոր Գուրգեն Սարգսյանի առողջական վիճակին, ապա նրա առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր:

«Զինծառայողը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում, այս պահին միացված է արհեստական շնչառական ապարատին: Հնարավոր ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք փրկել զինծառայողի կյանքը»,- ասաց Կամավոր Խաչատրյանը:

Նշենք, որ նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Placeholder
Արցախից Երևան տեղափոխված 2 զինծառայողի վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է