Արցախի նախագահ. Չնայած բարդություններին, 2016-ին հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման նախատեսված տեմպերը
Տնտեսություն
12:44 25/01/2017
Հայաստան

Արցախի նախագահ. Չնայած բարդություններին, 2016-ին հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման նախատեսված տեմպերը

Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ հունվարի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի անդրանիկ նիստը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, իր ելույթում Նախագահ Սահակյանն անդրադարձել է  2016 թվականի սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին և խնդիրներին:

Նախագահի ընդգծել է, որ  անցած տարին եղել է բավականին բարդ ու ծանր մեր հանրապետության, ժողովրդի և տնտեսության համար, երկրի  տնտեսական բնականոն զարգացմանը մեծ հարված է հասցրել ապրիլյան քառօրյա պատերազմը, որն իր ազդեցությունն է թողել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա:

Նախագահ Սահակյանը նշել է, որ չնայած բոլոր բարդություններին, 2016 թվականին հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման նախատեսված տեմպերը, դրական դինամիկան տնտեսության հիմնական ճյուղերում, գրանցել ՀՆԱ-ի 9 տոկոսի չափով տնտեսական աճ:

Միաժամանակ, Արցախի նախագահը կառավարությանը հանձնարարել է խոր վերլուծության ենթարկել տարվա արդյունքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերի և բացթողումների վրա, որոնք տեղ են գտել աշխատանքում, և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ:

Խոսելով 2017 թվականի անելիքների մասին՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ  անհրաժեշտ է բարձր մակարդակի վրա պահել տարվող աշխատանքների որակը, համակարգվածության աստիճանը,  պարտականությունների կատարումը, արդյունավետորեն օգտագործել պետական միջոցները:

«Այն ամենը, ինչ նախանշվել է և ընդունվել համապատասխան օրենքներով ու կառավարության որոշումներով, անհրաժեշտ է իրականացնել անվերապահորեն և հետևողական կերպով»,- նշել է ԼՂՀ  Նախագահը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

 

Placeholder
Արցախի նախագահ. Չնայած բարդություններին, 2016-ին հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման նախատեսված տեմպերը