Վիգեն Սարգսյանը՝ ՀՀԿ նախընտրական  շտաբը և 2018-ից հետո կառավարությանը ղեկավարելու մասին
Քաղաքական
11:49 27/01/2017
Հայաստան

Վիգեն Սարգսյանը՝ ՀՀԿ նախընտրական շտաբը և 2018-ից հետո կառավարությանը ղեկավարելու մասին

«Նախարարի պաշտոնը քաղաքական է: Ես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ եմ, մասնակցելու եմ քարոզարշավին այն ծավալով, որով կուսակցությունը նպատակահարմար գտնի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա վստահեցրեց, որ  անելու է այնպես, որպեսզի  օրենքի տառն ու ոգին չխախտվի քարոզարշավին  իր մասնակցության արդյունքում. «Եթե դա լինի շատ ինտենսիվ մասնակցություն, կգտնեմ ձևն ազատելու այդ գործառույթն իմ աշխատանքային ժամերից կամ աշխատանքային պարտականություններից»:

Հարցին, թե շրջանառվող լուրերի համաձայն, դուք ղեկավարելու եք ՀՀԿ համամասնական ցուցակը, նախարարը պատասխանեց. «Նմա՞ն եմ մի մարդու, ով  կարող է իր կուսակցությունից առաջ ընկնել ցուցակը հրապարակելու առումով: Կլինի պահը, ՀՀԿ-ն կհրապարակի իր ցուցակը»:

Պատասխանելով հարցին, թե նպատակ, ցանկություն ունե՞ք գլխավորել ՀՀԿ նախընտրական  շտաբը կամ 2018-ից  հետո Հայաստանի կառավարությունը, նախարարն ասաց. «Ես առիթ եմ ունեցել ասելու, ուզում եմ կրկնել՝ համարում եմ այս երկրում պաշտպանության նախարարի աշխատանքն ամենահետաքրքիր, կարևոր, պատասխանատու աշխատանքներից մեկը: Չեմ համարում, որ պետք է որևէ աշխատանք համադրել այլ աշխատանքի հետ իր ցանկալիության  առումով:  Ունեմ մեկ երազանք, որ առաջիկա  ընտրություններում մենք կարողանանք ապահովել այնպիսի արդյունք, որը թույլ կտա ինձ առաջիկա տարիներին շարունակել աշխատել պաշտպանության նախարարությունում: Ես այստեղ տեսնում եմ շատ մեծ անելիքներ: Իրոք, մեծ հույս ունեմ, որ ժամանակ կունենամ իրականացնել այդ անելիքներ: Իմ համոզմամբ, այսօր այստեղ պետք է պլանավորել երկար տարիների աշխատանք և չի  կարելի այս աշխատանքից արագ տեղափոխելու պլաններ կառուցել: Դա ազնիվ չի լինի համակարգի նկատմամբ: Ընտրությունների արդյունքները ցույց կտան: Իհարկե, եթե ընտրությունների արդյունքները լինեն այնպիսին, ինչպիսին պլանավորում ենք, հույս ունեմ, որ նախագահը թույլ կտա ինձ շարունակել այստեղ իմ գործառույթները»:

Վիգեն Սարգսյանի խոսքով, այսօր Հայաստանն ունի գործադիր իշխանության շատ  ուժեղ, կարող թիմ, վարչապետը դրսևորելով է այն տեսլականը, որն անհրաժեշտ է զարգանալու համար:

«Իր գործարար ջիղով, աշխարհընակալումով, առաջնորդությամբ, ես համարում եմ, որ այսօր ունենք շատ հաջողված կառավարություն վարչապետի գլխավորությամբ և մեծ պատիվ է ինձ համար աշխատել այդ կառավարության մեջ, բերել իմ մասնակցությունը  մեր երկրի առաջընթացին և զարգացմանը»,- ասաց պաշտպանության նախարարը:

Placeholder
Վիգեն Սարգսյանը՝ ՀՀԿ նախընտրական շտաբը և 2018-ից հետո կառավարությանը ղեկավարելու մասին