Լոքյան. Իրանական փորձը կարող է ընդունելի և օրինակելի լինել մեզ համար
Տնտեսություն
10:30 27/01/2017

Լոքյան. Իրանական փորձը կարող է ընդունելի և օրինակելի լինել մեզ համար

Սյունիքում տնտեսական գոտու ստեղծումը լուրջ խթան կլինի երկու երկրների  առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Այս մասին հայտարարել է  տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ  Մոհսեն Արաբ Բաղի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք մեր երկրում ունենք ազատ տնտեսական գոտիներ, սակայն իրանական փորձը կարող է ընդունելի և օրինակելի լինել մեզ համար: Մենք Իրանին տալիս ենք նաև լավագույն գործիքը` ԵԱՏՄ երկրներ ապրանքներ արտահանելու հնարավորություն` ազատելով ավելացված արժեքի հարկից և այլ մաքսատուրքերից»,- նշել է Դավիթ Լոքյանը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը ներկա Հայաստանում Իրանի դեսպան Սաջադին   համակարծիք է եղել, որ ազատ առևտրի գոտու ստեղծումը երկու երկրների սահմանակից շրջանների տնտեսական զարգացման համար լուրջ գործոն է:

Արդյունաբերություն, անասնապահություն, գյուղատնտեսություն, ջերմոցային տնտեսություն, զբոսաշրջություն, ձեռարվեստ. ահա այս ուղղություններով համագործակցելու հստակ առաջարկներ է ներկայացրել «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն  Մոհսեն Արաբ Բաղինը:

Դավիթ Լոքյանն իր հերթին  անդրադարձել է երկու երկրների ազատ տնտեսական գոտիների միջև ամբողջական մոդելի ստեղծման գաղափարին, և այդ հարցում կարևորել հայ-իրանական բազմադարյա բարեկամական կապերի առկայությունը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության նոր ոլորտներ սահմանելու և համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամությունը:

 

Placeholder
Լոքյան. Իրանական փորձը կարող է ընդունելի և օրինակելի լինել մեզ համար