Կարեն Կարապետյան. Մենք ցանկանում ենք ցույց տալ բոլորին մեր երազած երկիրը
Տնտեսություն
12:43 27/01/2017

Կարեն Կարապետյան. Մենք ցանկանում ենք ցույց տալ բոլորին մեր երազած երկիրը

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցից հատված, որը հրապարակվել է  բրիտանական հեղինակավոր «The Banker» ամսագրում: Այն թարգմանել և տարածել է կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Հարց. Պարոն վարչապետ, ի՞նչ տնտեսական նախաձեռնություններ և ծրագրեր ունեք:

Պատասխան. ՀՀ վարչապետ- Կան մի քանի հիմնական թեմաներ, որ ես կցանկանայի առանձնացնել: Մենք պետք է ստեղծենք իսկապես ազատ, մրցակցային և արդար գործարար միջավայր: Մենք վստահ ենք, որ մեր ազգի ստեղծագործական ներուժի և գործարար խորաթափանցության շնորհիվ տեղական բիզնեսն իրապես արագ աճ կարձանագրի: Բացի այդ, եթե մենք հստակ ազդակներ  ուղարկենք, ապա օտարերկրյա ներդրողները կարձագանքեն և կմտնեն հայաստանյան շուկա, իրենց համար հարմարավետ խաղի կանոններով:

Հաշվի առնելով մեր ներկա տնտեսական վիճակը, մենք պետք է խթանենք բիզնեսը գուցեև իշխանության համար ոչ ավանդական ճանապարհով: Մենք պատրաստվում ենք ստեղծել հիմնադրամներ, որոնք պետք է ֆինանսավորում տրամադրեն տարբեր ոլորտներին, օրինակ՝ գյուղատնտեսությանը, ՓՄՁ-ներին և այլն:

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, որտեղ մասնավոր և պետական հատվածի տաղանդավոր ներկայացուցիչների ներգրավմամբ պետք է քննարկենք և մշակենք երկարաժամկետ ծրագրեր և բարեփոխումներ և, ի վերջո, որոշենք, թե որ ուղղությամբ պետք է  Հայաստանը շարժվի:

Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի  բարենպաստ և հարմարավետ պայմաններ ստեղծենք ստեղծագործ և աշխատասեր անհատների համար և ուրվագծենք հորիզոններն  այնպես, որ բոլորը լծվեն այդ ապագայի կառուցմանը: Մենք ցանկանում ենք ցույց տալ բոլորին մեր երազած երկիրը:

Placeholder
Կարեն Կարապետյան. Մենք ցանկանում ենք ցույց տալ բոլորին մեր երազած երկիրը