2016թ-ին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 0.5%-ով
Տնտեսություն
15:43 27/01/2017
Հայաստան

2016թ-ին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 0.5%-ով

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-դեկտեմբերի համեմատ աճել է 0,5 տոկոսով։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2016թ-ի դեկտեմբերին նախորդ ամսվա` նոյեմբերի համեմատ ՏԱՑ-ն աճել է 17,9 տոկոս:

Ըստ ԱՎԾ-ի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-դեկտեմբերին աճել է 6,7%-ով, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 6,4%-ով:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, ապա  գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2016թ-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է  5,2%-ով, ամսական կտրվածքով՝ նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 11,4%-ի անկում, իսկ  տարական կտրվածքով գրանցվել է 6,5%-ի աճ:

Հունվար-դեկտեմբերին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն էլ նվազել են 6,2%, շինարարության ոլորտում ևս գրանցվել է 10.8% անկում:

Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության ծավալներին, ապա այստեղ 2016թ-ի հունվար-դեկտեմբերին  գրանցվել է 1%-ի աճ, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 4,4%-ի, իսկ ամսական կտրվածքով՝ նոյեմբերի համեմատ 46,4%-ի աճ է արձանագրվել:

2016թ-ի  հունվար-դեկտեմբերին 7,1%-ի աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում, իսկ նոյմբերի համեմատ՝ 10,9%-ով:

Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա, ըստ ԱՎԾ-ի` 2016թ-ի հունվար-դեկտեմբերին գները նվազել են 1,4%-ով, մինչդեռ ամսական կտրվածքով՝ նոյեմբերի համեմատ գրանցվել է 1,1%-ի աճ: Նշենք նաև, որ 2015թ-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գները նվազել են 1,1 %-ով:

Ըստ ԱՎԾ-ի` Հայաստանի և գործընկեր-երկրների միջև առևտուր ն ակտիվացել է: 2016 թվականին Հայաստանը  արտաքին աշխարհի հետ իրականացրել է 5 մլրդ 75.3 մլն ԱՄՆ դոլարի առևտուր, ինչը 2015 թվականի համեմատ աճել է 7,4%-ով: Հաշվետու ժամանակահատվածում արտաքին առևտրի ընդհանուր ծավալում արտահանումը կազմել է 1 մլրդ 782.9 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով  20%-ով, իսկ ներմուծումը կազմել է 3 մլրդ 292.4 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 1.6%-ով:

Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա ԱՎԾ-ի փոխանցմամբ, 2016թ-ի  հունվար-դեկտեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1,7 %-ով, իսկ տարեկան կտրվածքով նվազել է 0,4%-ով: Պետական համակարգում միջին աշխատավարձը նվազել է 1,8%` կազմելով է 161 հազ. 872 դրամ: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ աշխատավարձն աճել է 4,6%՝ հասնելով  շուրջ 221 հազար դրամի:


 

Placeholder
2016թ-ին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 0.5%-ով