Դունիա Միյատովիչը արձագանքել է Լապշինի գործով Արման Թաթոյանի դիմումին
Իրավունք
17:50 27/01/2017
Հայաստան

Դունիա Միյատովիչը արձագանքել է Լապշինի գործով Արման Թաթոյանի դիմումին

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունիա Միյատովիչը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պաշտոնական նամակով ներկայացրել է իր դիրքորոշումը հրեա բլոգեր, Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի գործով:

Պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ Դ. Միյատովիչը, մասնավորապես, տեղեկացրել է, որ հետևում է ռուսաստանցի բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինի գործին Մինսկում նրա ձերբակալման օրից՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ից սկսած:

Ըստ Դունիա Միյատովիչի՝ ինքն ամբողջությամբ տեղեկացված է, որ Ա.Լապշինին Ադրբեջանում սպասվում են ծանր պատիժներ, եթե նրան Բելառուսի իշխանություններն արտահանձնեն: Ուստի, բազմիցս դիմել է ԵԱՀԿ-ում Բելառուսի Հանրապետության մշտական ներկայացուցչություն, ինչպես նաեւ նամակ է ուղարկել Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ հայտնելով մտահոգություններ այն մասին, որ հանձնելու դեպքում Լապշինը կարժանանա անարդար վերաբերմունքի՝ որպես վրեժխնդրություն իր լրագրողական գործունեության և իր տեսակետները արտահայտելու համար, այդ թվում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մարդու իրավունքների կարևոր հիմնահարցերի հետ:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Դունիա Միյատովիչը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հավաստիացրել է, որ դիմել է Բելառուսի իշխանություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելու այդ գործին այն առումով, որպեսզի Լապշինի իրավաչափ լրագրողական գործունեություն իրականացնելը չսահամանափակվի: Դունիա Միյատովիչը նաև վստահեցրել է, որ ուշադրությամբ հետևելու է այս գործի  հետագա զարգացումներին:

 

Placeholder
Դունիա Միյատովիչը արձագանքել է Լապշինի գործով Արման Թաթոյանի դիմումին