Լեհական կողմը 1,5 անգամ ավելացրել է Հայաստանում պեղվող հուշարձանների ֆինանսավորումը
Մշակույթ
15:40 30/01/2017
Հայաստան

Լեհական կողմը 1,5 անգամ ավելացրել է Հայաստանում պեղվող հուշարձանների ֆինանսավորումը

«Մեծամոր հնագույն քաղաքային թաղամասի պեղումների ժամանակ 2016-ին հայտնաբերվել է ամբողջական ագաթից և ոսկու հատիկներից պատրաստված վզնոց: Այն վերաբերում է ուշ բրոնզի վերջին կամ վաղ երկաթի սկզբին, այսինքն՝ մ.թ.ա.12-11-րդ դարերին: Գտածոն արդեն մաքրման փուլում է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Մեծամորի դամբարանադաշտի ավերված  դամբարաններից մեկից  պեղվել է 22 ոսկե, 1000-ից ավելի անագե ուլունքահատիկ:

«Եզակի, շատ հետաքրքիր նյութեր են: Հայկական լեռնաշխարհում, Մերձավոր Արևելքում անագ չկա, ըստ ամենայնի, բերել են դրսից արևելյան կամ արևմտյան ճանապարհով: Նյութերն ուղարկել ենք Մյունխեն ուսումնասիրություն: Կպարզվի, թե որտեղից է բերվել անագը»,- նշեց նա:

Ա. Փիլիպոսյանի խոսքով, արդեն չորրորդ տարին է Մեծամորում պեղումներն իրականցվում են Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի հետ համատեղ:  Այս տարի ևս համատեղ  պեղումները կշարունակվեն:

«Համոզված եմ, որ այս տարի Վարշավայում լույս կտեսնի մեր առաջին չորս տարիների պեղումների ամփոփ հաշվետվությունն անգլերեն լեզվով: Դատելով այն հանգամանքից, որ Մերձավոր Արևելքում ծանր իրավիճակ է, լեհական կողմը 1,5 անգամ ավելացրել է  Հայաստանում պեղվող հուշարձանների ֆինանսավորումը: Նաև երկրորդ հուշարձանն են ավելացրել Արտաշատում»,- ասաց նա՝ հավելելով, որ լեհական կողմը հատուկ դրոն է բերելու՝ հուշարձանները վերևից նկարելու համար:

Պատմական գիտությունների  դոկտորը նաև ծանոթացրեց Զորաց քարերի պեղումների արդյունքներին: 2016-ի պեղումների ըթնացքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, երկաթից պատրաստված զենքեր, աշխատանքային գործիքների մնացորներ, որոնք, Ա. Փիլիպոսյանի խոսքով, վկայում են այն մասին, որ հուշարձանը երկաթեդարյան կառույց է: Այս տարի պեղումները շարունակվելու են:

«Կենտրոնական դամբարանը, որն անընդհատ շահարկվում է որպես աստղադիտարան,  լավ մաքրել ենք, չորսից ավելի սալ է դուրս բերվել դամբարանախցի միջից: Դուրս են բերվել11-13-րդ դարի վերաբերող խեցեղենի բեկորներ և ապակա ապարաջյանի մաս: Պարզվում է, որ 11-13 դարերում, երբ բավական ծանր իրավիճակ էր ստեղծել Հայաստանում, այս մեծ դամբարանները գաղտնարարաներ են ծառայել քոչվորների արշավանքների ժամանակ, մարդիկ թաքնվել են այդ դամբարաններում»,- ասաց նա:

Ա. Փիլիպոսյանը հույս ունի, որ Զորաց քարերի դամբարանադաշտի և բնակատեղիի  պեղումների արդյունքում շատ ավելի կոնկրետ փաստեր կունենան պատմամշակութային մեկնաբանություններ անելու համար:

Placeholder
Լեհական կողմը 1,5 անգամ ավելացրել է Հայաստանում պեղվող հուշարձանների ֆինանսավորումը