Վիգեն Սարգսյան. Հայաստանը ցանկանում է Իրանի հետ պաշտպանական ոլորտում ընդլայնել համագործակցությունը
Քաղաքական
12:28 31/01/2017
Հայաստան

Վիգեն Սարգսյան. Հայաստանը ցանկանում է Իրանի հետ պաշտպանական ոլորտում ընդլայնել համագործակցությունը

Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանային խնդիրների լուծումն ուժի կիրառմամբ,-Իրանի ՊՆ տեղեկատվության և քարոզչության վարչության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, իր գոհունակությունը հայտնելով հայ-իրանական դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ, ասել է. «Իրանը, ունենալով 15 հարևան, մշտապես ձգտել է հարևանների հետ բարիդրացիական և բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել»:

Հոսեյն Դեհղանը, անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին, մասնավորապես ասել է. «Տարածաշրջանային խնդիրների լուծումն ուժի կիրառմամբ անընդունելի է: Դրանց լուծումը բացառապես պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, և Իրանը այդ գործընթացին աջակցելու գործում ոչ մի ջանք չի խնայի»:

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, կարևորելով տարածաշրջանում Իրանի ունեցած դերակատարությունը, վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստակամ է Իրանի հետ ընդլայնել իր համագործակցությունը և բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը: Հայաստանը ցանկանում է Իրանի հետ պաշտպանական ոլորտում ընդլայնել համագործակցությունը, համոզված ենք, որ այցը կնպաստի հետագա համագործակցությանը»:

Վիգեն Սարգսյանը, ողջունելով Իրանի դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում, համոզմունք է հայտնել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Placeholder
Վիգեն Սարգսյան. Հայաստանը ցանկանում է Իրանի հետ պաշտպանական ոլորտում ընդլայնել համագործակցությունը