Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ դեսպան. Մենք Միացյալ Նահանգների կառավարությունն ենք ներկայացնում, Ջեյմս Բոնդի ֆիլմից չենք
«Մենք պատրաստ ենք աշախատել պետական այն մարմինների հետ, որոնք պատրաստ են պայքար ծավալել կոռուպցիայի դեմ»: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Նա ընդգծեց, որ հակակոռուպցիոն խորհրդին ամերիկյան կողմի աջակցության շարունակականությունը պայմանավորված է արդյունքներով:
«Հակակոռուպցիոն խորհուրդը այնքան առաջընթաց, որքան մենք էինք ակնկալում, չապահովեց: Նախատեսված միջոցների միայն 2.5 տոկոսն է փաստացի հատկացվել: Կարծում եմ, այս փաստը կմեղմի շատերի կասկածները, ըստ որոնց դեսպանատունն ուղղակի պորտֆելով հակակոռուպցիոն խորհրդին է հանձնել ամբողջ գումարը»,-ասաց դեսպանը:
Ռիչարդ Միլսը նաև ընդգծեց. «Մենք Միացյալ Նահանգների կառավարությունն ենք ներկայացնում, Ջեյմս Բոնդի ֆիլմից չենք: Մեզ անհրաժեշտ է որոշակի կոնկրետ առաջընթաց հակակոռուպցիոն խորհրդի կողմից: Վարչապետը նույնպես պատրաստվում է վերանայել խորհրդի աշխատանքը: Նրա հետ քննարկումների հիման վրա մենք կորոշենք՝ դեռևս չօգտագործված միջոցներն ուր ուղղել»:
Հիշեցնենք, որ 2015թ-ի նոյեմբերին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ուրվագծել էր իր պաշտոնավարման ժամանակաշրջանի համար նախանշվող չորս գերակայությունները, որոնք են՝ գործարար և առևտրային հարաբերությունների խորացումը մեր երկու երկրների միջև, համագործակցությունը Հայաստանի հետ կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքացիական հասարակության ամրապնդումը Հայաստանում և ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնահարցերի առավել հանգամանալի պարզաբանումը հայ հասարակության համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ներկայացրեց այդ ուղղություններով կատարված աշխատանքներն ու արձանագրած արդյունքները: