Համանախագահներն առանձին խորհրդակցություններ են անցկացնելու Հայաստանի  և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Քաղաքական
15:13 01/02/2017
Աշխարհ

Համանախագահներն առանձին խորհրդակցություններ են անցկացնելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են ղարաբաղյան հակամարտության  հիմնախնդրի կարգավորման հարցով կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը  փետրվարի կեսին` Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են փետրվարի կեսին առանձին խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: Եթե նախարարները հետաքրքրություն ցուցաբերեն, ապա  մենք կկազմակերպենք համատեղ հանդիպում»,- հայտնել  է Ի. Պոպովը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր. «Հանդիպում առաջարկվել է եռանախագահների կողմից՝ Մյունխենի անվտանգության համաժողովի նախաշեմին եռանախագահների հետ, և նաև եռանախագահներն առաջարկել են հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև:

Մենք, իհարկե, երբևէ չենք հրաժարվում որևէ հանդիպումից: Բայց ինչ վերաբերում է Ադրբեջանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել, որովհետև հայտնի չէ, թե ինչ խաղեր այս անգամ կտա Ադրբեջանը»:

Placeholder
Համանախագահներն առանձին խորհրդակցություններ են անցկացնելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ