Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդացության 8300-8400 նոր դեպք
Առողջություն
16:38 01/02/2017
Հայաստան

Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդացության 8300-8400 նոր դեպք

Ուսումնասիրությունները փաստում են, որ չարորակ նորագոյացությունները հանդիսանում են զարգացած և զարգացող երկրների առողջապահական համակարգերի հիմնախնդիրներից մեկը: Այս մասին «Քաղցկեղի դեմ պայքարը Հայաստանում. բուժման հնարավորություններն ու առկա մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Առողջապահության ազգային ինստիտուտի առողջապահական տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Դիանա Անդրեասյանը:

Ըստ նրա՝ բոլոր երկրներում չարորակ գոյացությունները մահացության կառուցվածքում զբաղեցնում են երկրորդ տեղը:

Դիանա Անդրեասյանի ներկայացրած տվյալների համաձայն՝   Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բեռը կազմում է  ընդհանուր մահացության  80%-ը, ընդ որում մահացության բուրգում չարորակ նորագոյացությունները գտնվում են երկրորդ տեղում` կազմելով 21%:

«2014թ-ի համեմատ 2015թ-ին  մահացությունն աճել է  384 դեպքով, իսկ վերջին 10 տարիներին Հայաստանում չարորակ նորագոյացությունների հիվանդացության և մահացության ցուցանիշն աճել է շուրջ 1,9 անգամ»,- ասաց կենտրոնի ղեկավարը՝ հավելելով, որ Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդացության 8300-8400 նոր դեպք: 

Դիանա Անդրեասյանը նշեց նաև, որ ուռուցքաբանական հիմնարկներում դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը 2015թ-ին կազմել է մոտ 41 հազար. 1990-ականների համեմատությամբ այս թիվը ևս աճել է շուրջ 2,3 անգամ:

Ուսումնասիրելով վերջին տարիներին Հայաստանում չարորակ նորագոյացությունների  հիվանդացության, մահացության,  ապրելության, հաշմանդամության ցուցանիշների միտումները, ապա, ըստ Դիանա Անդրեասյանի, քաղցկեղների ավելի քան 40%-ը կարելի է կանխարգելել` վերացնելով այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների ազդեցությունները:

Քննարկման ժամանակ նշվեց նաև, որ Հայաստանում տղամարդկանց շրջանում առավել տարածված է թոքի քաղցկեղը, որի զարգացումը դեպքերի մեծ մասում կախված է ծխելու հետ` ակտիվ և պասիվ: Դրան հաջորդում է շագանակագեղձի, լյարդի, ստամոքսի քաղցկեղը:

Կանանց շրջանում առավել տարածված են կրծքի և արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացությունն ու մահացությունը:  «Վերջին տարիներին և տղամարդկանց, և կանանց շրջանում աճի միտում ունի ստամոքսի, հաստ աղիքի քաղցկեղի հիվանդացություն ու մահացությունը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեպքերի 57 տոկոսը հայտնաբերվում են երրորդ և չորրորդ փուլերում: Այսինքն՝ այն ժամանակ, երբ բուժման արդյունավետությունը նվազում է: Քաղցկեղը դատավճիռ չէ, այդ հիվանդությունների 40 տոկոսը բուժվող և կանխարգելվող են, պարզապես պետք է ժամանակին հայտնաբերել և կատարել որակյալ բուժում»,- ընդգծեց Դիանա Անդրեասյանը: 

 

Placeholder
Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդացության 8300-8400 նոր դեպք