Վիգեն Սարգսյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականին
Քաղաքական
18:22 02/02/2017
Տարածաշրջան

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականին

Հուսով ենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև Իրանը կարող է միջնորդի դեր ստանձնել,-իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ ունեցած հանդիպմանը ասել է Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

Նշենք, որ Ալի Աքբար Վելայաթին 16 տարի՝ 1981-1997 թթ. եղել է Իրանի արտգործնախարարը և գործուն մասնակցություն է ունեցել 1992 թ. ԼՂ հակամարտության կարգավորման գործում Իրանի իրականացրած միջնորդական առաքելությանը:

Ալի Աքբար Վելայաթին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, մասնավորապես նշել է. «Հուսով ենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող ենք միջնորդի դեր ստանձնել և Իրանի ու Հայաստանի պատմական փոխգործակցության կրկնության ականատեսը լինել»:

Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության խնդիրներին՝ Իրանի նախկին արտգործնախարարը հավելել է. «Որոշ արտաքին ուժեր, ինչպիսին Իսրայելն է, փորձում են ներթափանցել տարածաշրջան և միջամտել տարածաշրջանային գործընթացներին, պետք է ուշադիր լինենք, որպեսզի օտարները մեր տարածաշրջանում բախումներ չհրահրեն»:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, իր գոհունակությունը հայտնելով հայ-իրանական բարեկամական բարձր մակարդակի հարաբերությունների առնչությամբ, նշել է. «Իրանն ու Հայաստանն ունեն ընդհանուր մարտահրավերներ, համոզված ենք, որ երկկողմ համագործակցության շնորհիվ կկարողանանք հաղթահարել այդ մարտահրավերները»:

Placeholder
Վիգեն Սարգսյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականին