Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան բավականին մեծ փնտրտուքի մեջ է. «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ
«Թուրքիայում վերջին զարգացումները, իրադարձությունները բավական ակտիվ են, իրականում մենք ականատես ենք էական գործընթացների փոփոխման, սցենարային նոր բաշխման»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
Խոսելով Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների մասին, նա նախ նշեց, թե ինչպես է այն ձևակերպել հենց Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չի կարելի անվանել անամպ, ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հարաբերությունները չի կարելի համարել համերաշխային:
«Էրդողանն ակնկալում է հնարավորինս շուտ հանդիպել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ և խոսել օրակարգային հարցերի վերաբերյալ, այսինքն փորձելու է այդ հանդիպմամբ ինչ-ինչ խնդիրներ լուծել»,- ասաց նա:
Թուրքիա-ԵՄ հարաբերություններում Կ. Բեքարյանը նույնպես տեսնում է խնդիրներ՝ ինչպես գլոբալ մակարդակով, այնպես էլ լոկալ. «Գլոբալ մակարդակով խնդիրներից է այն, որ անկախ բանակցություններից, համաձայնագրից, չեն կարողանում միգրանտներին առնչվող հարցերի հետ կապված ստանալ այն լուծումը, որն ակնկալում են երկու կողմն էլ միաժամանակ»:
Թուրքիայի սահմանադրական փոփոխության նախագիծը, սպասվող հանրաքվեն, նրա խոսքով, նույնպես ԵՄ հետ ունեցած խնդիրների շարքում է:
«Շատ գործիչներ, երկրներ այդ նախագիծը դիտարկում են ժողովրդավարությունից նահանջ: Հարցը չի կայանում միայն նրա մեջ, որ խորհրդարանական համակարգից անցում են կատարում նախագահական, այլ գործող նախագահն իր ներքո նոր սահմանադրության է գնում իր իսկ լիազորությունները մեծացնելու համար: Այսինքն, խնդիրը միայն համակարգի մեջ չէ, այլ առաջին հերթին Էրդողանի հանդեպ ունեցած վստահության կամ դրա բացակայության մեջ է»,- նշեց «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահը:
Ռուս-թուրքական հարաբերությունների առնչությամբ բանախոսը նախ հիշեցրեց, որ ՌԴ խորհրդարանական երկու մարմնում վավերացվել է թուրքական հոսքի համաձայնագրի նախագիծը, ապա հավելեց. «Կարելի է համարել առաջընթաց, ցույց է տալիս համագործակցության դաշտի լայնացման միտումներ»:
Ընդհանուր առմամբ, Կարեն Բեքարյանի գնահատմամբ, արտաքին քաղաքականության առումով Թուրքիան գտնվում է բավականին մեծ փնտրտուքի մեջ:
«Մենք մեր անմիջական հարևանությամբ ականատեսն ենք բավականին էական անկայունության, գործընթացների, որոնց սցենարային հնարավորությունները սահմանափակ չեն, այսինքն այս անկայունությունը նույն սահմանադրական հանրաքվեի, արտաքին վեկտորների ներքո կարող է էապես զարգանալ: Այսինքն մենք պետք է հետևողական լինենք՝ հաշվի առնելով անմիջական մեր հարևանությամբ անկայունության օջախների լայնացումը, հնարավոր մեծացումը, հաշվի առնելով նաև ուղղակիորեն հայ-թուրքական հարաբերությունների բացակայությունը»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: