Քաղցկեղով հիվանդների թիվը նվազեցնելու համար, պետք է առաջին հերթին այն կանխարգելել. մասնագետներ
Առողջություն
13:21 03/02/2017
Հայաստան

Քաղցկեղով հիվանդների թիվը նվազեցնելու համար, պետք է առաջին հերթին այն կանխարգելել. մասնագետներ

«Քաղցկեղով հիվանդների թիվը նվազեցնելու համար, պետք է առաջին հերթին այն կանխարգելենք, այսինքն՝ մարդիկ պետք է վաղ հետազոտվեն»,- այս մասին այսօր «Քաղցկեղի տարածվածությունը Հայաստանում. բուժման և կանխարգելման միջոցները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ուռուցքաբան, քիմիաթերապևտ Դավիթ Զոհրաբյանը:

Նրա  խոսքերով՝ ժամանակին բժշկին դիմելու դեպքում հնարավոր կլինի որակյալ բուժում իրականացնել:

Դավիթ Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանում կանանց մոտ առաջին տեղում է կրծքագեղձի քաղցկեղը, երկրորդ տեղում՝ արգանդի վզիկի քաղցկեղը, իսկ զարգացած երկրներում արգանդի վզիկի քաղցկեղը տասնյակի մեջ անգամ չի մտնում, ինչը պայմանավորված է վաղ հետազոտմամբ:

Մասնագետը կարևորում  է հատկապես պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները, քանի որ այդ վիրուսը կարող է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։

«Դեռահաս տարիքում պատվաստելու դեպքում հնարավոր կլինի արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերը նվազեցնել: Բացի այդ, 40 տարեկանից հետո կանայք  պարտադիր պետք է անցնեն մամոգրաֆիկ հետազոտություն, իսկ 35 տարեկանից հետո կինը պարտավոր է պրոֆիլակտիկ տարին մեկ անգամ դիմել կրծքի հետազոտության:  Դրանով հնարավոր կլինի կանխարգելել հիվանդությունը»,- ասաց Դավիթ  Զոհրաբյանը: 

Քիմիաթերապիայի կլինիկայի հոգեսոցիալական ծրագրի հոգեբան, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի տնօրեն Եվա Ասրիբաբայանն էլ նշեց, որ ուռուցքային հիվանդությունը սթրես է մարդու համար:

«Մեր հասարակության մեջ գոյություն ունեն ուռուցքային հիվանդություններին և նրա հեռանկարներին վերաբերող որոշակի կարծրատիպեր: Մարդիկ քաղցկեղն առաջին հերթին ասոցացնում են մահվան հետ և շատ դեպքերում խուսափում են հետազոտվելուց՝ մտածելով, որ հիվանդության համար ելք չկա: Մինչդեռ, պետք է գիտակցել, որ վաղ ախտորոշումը նման հիվանդությունների դեպքում առաջնային դեր ունի` առաջին հերթին բուժման հարցում: Ցանկանում ենք մարդկանց մեջ փոխել այս կարծրատիպը»,- ասաց հոգեբանը:

Նա նաև նշեց, որ շատ կարևոր է հիվանդի հետ հոգեբանների աշխատանքը. «Մենք փորձում ենք մեր մասնագիտությամբ օգնել հիվանդներին,  որպեսզի պայքարեն և հաղթեն այդ հիվանդությանը»:

Cancer.am կայքի խմբագիր Գալինա Ստեփանյանն էլ հայտնեց, որ Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի կողմից ստեղծվել է cancer.am կայքը,  որի նպատակն է քաղցկեղով հիվանդներին ամբողջական տեղեկատվություն տրամադրել հիվանդության մասին:  Բացի այդ, տեղեկատվության կա կլինիկաների, բժիշկների մասին, ինչպես նաև  հարցազրույցներ այն հիվանդների հետ, որոնք հաղթահարել են  քաղցկեղը:

Placeholder
Քաղցկեղով հիվանդների թիվը նվազեցնելու համար, պետք է առաջին հերթին այն կանխարգելել. մասնագետներ