Սննդամթերքի անվտանգությունը, սննդի որակի ապահովումը միշտ լինելու է մեր ուշադրության կենտրոնում. Ի. Առաքելյան
Տնտեսություն
14:27 04/02/2017
Հայաստան

Սննդամթերքի անվտանգությունը, սննդի որակի ապահովումը միշտ լինելու է մեր ուշադրության կենտրոնում. Ի. Առաքելյան

«Կրթությունը շատ մեծ նշանակություն ունի բոլոր ոլորտների հետևողական զարգացման համար, և մեզ համար այսօր  առաջնահերթ է բարձրակարգ մասնագետներ ունենալը»,-այս մասին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ նախօրեին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի դեպարտամենտի «Սննդի անվտանգության համակարգերի կառավարում» կրթական ծրագրի մասնակիցներին ավարտական հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ։

«Շատ կարևոր է նաև, որպեսզի  այս դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները դուք կարողանաք պրակտիկայում կիրառելի դարձնել և նոր մշակույթ բերել մեր իրականություն: Սննդամթերքի անվտանգությունը, սննդի որակի  ապահովումը միշտ լինելու է մեր ուշադրության կենտրոնում և վստահաբար, որքան այս ոլորտում շատ լինեն լավ մասնագետները, այդքան արագ մենք կհասնենք հաջողության», - նշել է նախարարը:

ԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ նախարարը մասնակիցներին հայտնել է, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պատրաստակամություն է հայտնել  դասընթացն ավարտած  լավագույն ուսանողներին աշխատանքի հնարավորություն ընձեռել:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը նշել է, որ ժամանակակից պահանջներից ելնելով` անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և զարգացումներ մտցնել նաև ագրարային համալսարանի կրթական ծրագրերում, և այս առումով իրենք մեծ արդյունքներ են ակնկալում հատկապես միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերից: 

ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողների համար նախատեսված մեկամսյա ինտենսիվ դասընթացն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) և ԻննովԵՅԹ/Հայաստան նախագծի աջակցությամբ ICARE հիմնադրամի կողմից:

Placeholder