Բոլոր ցուցանիշներով Հայաստանը համարվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր. Վարդան Արամյան
Տնտեսություն
09:00 06/02/2017
Հայաստան

Բոլոր ցուցանիշներով Հայաստանը համարվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր. Վարդան Արամյան

2016 թվականի դեկտեմբերի վերջին ՀՀ պետական պարտքը կազմել է շուրջ 5.9 մլրդ ԱՄՆ դոլար՝ ներառյալ Կենտրոնական բանկի պարտքը, որը կազմում է շուրջ 503 մլն դոլար: Այս մասին Ծաղկաձորում հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նախարարը նշեց, որ դրանից ՀՀ կառավարության պարտքը՝  ներքին և արտաքին, շուրջ  5.4 մլրդ դոլար է, ինչը կազմում է ՀՆԱ-ի 54%-ը:

«Լավ է այս ցուցանիշը, թե ոչ, բայց մենք բոլոր ցուցանիշներով գտնվում ենք ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում»,- ասաց Վարդան Արամյանը:

Ֆինանսների նախարարը պարզաբանեց, որ բացի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունից, կան նաև պարտքային բեռի գնահատման այլ ցուցանիշներ՝ պարտք/արտահանում, պարտքի տոկոսավճար/արտահանում և այլն, և դրանց բոլորի գծով Հայաստանը համարվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր:

Անդրադառնալով 2017 թվականին,  Վարդան Արամյանն ասաց, որ տարվա արդյունքներով, եթե կատարվի բյուջեն այնպես, ինչպես կանխատեսված է, տարին կամփոփվի շուրջ 6 մլրդ 250 մլն դոլար պարտքի ցուցանիշով, ներառյալ Կենտրոնական բանկի պարտքը, որը կկազմի շուրջ 530 մլն դոլար:

Վարդան Արամյանի խոսքերով՝ այստեղ որոշակի ազդեցություն ունի նաև փոխարժեքի շարժը:

Եզրափակելով խոսքը՝ ֆինանսների նախարարն ասաց, որ պարտքի առումով էական խնդիրներ չի տեսնում:

«Բոլոր հարաբերական ցուցանիշներով Հայաստանը գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում, բացի այդ, առաջիկա տարիներին կանխատեսվող զարգացումներն այնպիսին են, որ մենք կարծում ենք՝ պարտքի ոլորտում էական խնդիրներ չենք ունենա», -նշեց Վարդան Արամյանը: 

Placeholder
Բոլոր ցուցանիշներով Հայաստանը համարվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր. Վարդան Արամյան