Amnesty International-ը ահազանգել է Սիրիայում զանգվածային մահապատիժների մասին
Իրավունք
13:32 07/02/2017
Աշխարհ

Amnesty International-ը ահազանգել է Սիրիայում զանգվածային մահապատիժների մասին

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող Սեդնայա բանտում տարիներ շարունակ կախաղանի միջոցով մահապատժի են ենթարկվել հազարավոր կալանավորներ: Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն:

Այսօր՝ փետրվարի 7-ին, Բեռլինում հրապարակված «Amnesty International»-ի զեկույցում նշվում է, որ 2011-2015թթ-ի ընթացքում հիշատակված բանտում մահապատժի են ենթարկվել տարբեր հաշվարկներով 5-13 հազար կալանավորներ, որոնց մեծ մասը եղել են քաղաքացիական անձինք:

«Դրան պետք է գումարել նաև դաժան կտտանքների ու կեցության անմարդկային պայմանների հետևանքով առաջացած հազարավոր մահերը»,-նշել է Գերմանիայում «Amnesty International» կազմակերպության մասնաճյուղի գլխավոր քարտուղար Մարկուս Բեկոն, ով մարդու իրավունքների նման մասշտաբի ու սիստեմատիկ ոտնահարումը որակել է որպես մարդկության դեմ հանցագործություն:

Զեկույցը հիմնված է 84 ականատեսների ու փորձագետների հաղորդած տեղեկությունների վրա: Նրանց մեջ են նախկին բանտարկյալներ, բանտի պահակազորի աշխատակիցներ, քաղաքական գործիչներ, փաստաբաններ և այլն:

Հրապարակված զեկույցի հիման վրա «Amnesty International»-ը դիմել է ՄԱԿ-ին՝ հորդորելով հետաքննություն սկսել Սիրիայում զանգվածային մահապատիժների գործի առնչությամբ:

Placeholder
Amnesty International-ը ահազանգել է Սիրիայում զանգվածային մահապատիժների մասին