Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կեղտոտ գործարք է. Էդուարդ Շարմազանով
Քաղաքական
13:30 08/02/2017
Հայաստան

Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կեղտոտ գործարք է. Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-բելառուսական պատգամավորական բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը «կեղտոտ գործարք» որակեց Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելը:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահն ասաց, որ մշտապես ասել են՝  ԼՂ կարգավորման գործընթացը բացառապես խաղաղ տրամաբանությունից պիտի բխի և երկու պետությունների միջև այս «կեղտոտ գործարքը  կոպտորեն խախտում է ժողովրդավարական արժեքների, մարդու ազատության իրավունքի, քաղաքացու ազատ տեղաշարժի, և չի բխում տարածաշրջանային խաղաղության տրամաբանությունից: 

«Ավելին, սա քայլ է, որը դեմ է հայ-բելառուսական քաղաքական հարաբերությունների մակարդակին: Որպես հայ-բելառուսական խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ՝ պետք է նշեմ, որ սա քայլ է, որը չի բխում ոչ հայ-բելառուսական հարաբերություններից, ոչ էլ ռուս-բելառուսական հարաբերություններից, որովհետև պարոն Լապշինը նաև Ռուսաստանի քաղաքացի է: Որպես հանձնաժողովի համանախագահ մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ սա ուղղակի խայտառակություն է, կեղտոտ գործարք է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե որպես հայ-բելառուսական խորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ, պատրաստվո՞ւմ է Բելառուսի գործընկերների հետ քննարկել խնդիրը, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Գոնե այս պահին ես նպատակահարմար չեմ գտնում նստել մի սեղանի շուրջ և քննարկել այդ հարցը, քանի որ հանձնաժողովը բարեկամական համագործակցության հարթակ է, իսկ այս քայլը հաստատ բարեկամական չէ և չի բխում մեր հարաբերություններից: Իսկ այն, որ մեր պատգամավոր գործընկերները կբարձրացնեն այդ հարցը տարբեր խողովակներով, մի գրամ մի կասկածեք»:

Էդուարդ Շարմազանովը նաև նշեց, որ Հայաստանը դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել է Լապշինի արտահանձնումը կանխելու համար. «Պաշտոնական Երևանն արդեն արձագանքել է։ ԱԳՆ խոսնակը բավականին խիստ արձագանք է տվել»:

Նա նաև նշեց, որ սա քայլ է՝ ուղղված ՀԱՊԿ-ի երկու դաշնակիցների դեմ, այս գործարքը ոչ Ռուսաստանի, ոչ էլ Հայաստանի շահերից չի բխում, բացի այդ, Ռուսաստանն էլ էր արձագանքել, որ դեմ է Լապշինի արտահանձնմանը։

Placeholder
Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կեղտոտ գործարք է. Էդուարդ Շարմազանով