Թրամպը մտադիր է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հռչակել ահաբեկչական կազմակերպություն
Քաղաքական
11:38 08/02/2017
Աշխարհ

Թրամպը մտադիր է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հռչակել ահաբեկչական կազմակերպություն

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն:

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: 

Ըստ աղբյուրների՝ ամերիկյան մի շարք կառավարական գործակալությունների հետ տվյալ հարցով խորհրդակցություններ են անցկացվել՝ պարզելու համար նման քայլի հնարավոր հետևանքները:

Նշվում է, որ նախկինում ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել կորպուսի մի շարք անդամների նկատմամբ:

Աղբյուրը նկատում է, որ կորպուսն ահաբեկչական կազմակերպություն հռչակելու դեպքում, ԱՄՆ-ն լուրջ խնդիրներ կունենա Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Հայտնի է, որ կորպուսի անդամներն աջակցում են շիա մուսուլմաններին ու պայքարում սուննիների դեմ:

Նշվում է նաև, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի անվտանգության ոլորտի ամենահզոր կառույցն է, որը վերահսկում է Իրանի տնտեսության մեծ մասն ու ահռելի ազդեցություն ունի երկրի քաղաքական համակարգի վրա:

Placeholder
Թրամպը մտադիր է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հռչակել ահաբեկչական կազմակերպություն