Կենտրոնական բանկն ու Իրանի կենտրոնական ապահովագրությունը կհամագործակցեն
Տնտեսություն
18:33 09/02/2017
Հայաստան

Կենտրոնական բանկն ու Իրանի կենտրոնական ապահովագրությունը կհամագործակցեն

Այսօր ՀՀ կենտրոնական բանկ է այցելել ԻԻՀ կենտրոնական ապահովագրության նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԻԻՀ ապահովագրական ոլորտը ներկայացնող առաջատար ընկերությունների ղեկավարները:

ՀՀ կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է երկու երկրների կողմից ապահովագրության ոլորտում փոխգործակցության ամուր հիմքերի ձևավորմանն ուղղված քայլերը:

Նա հույս է հայտնել, որ այս այցը, ինչպես և վերջինիս շրջանակներում ՀՀ ապահովագրական ընկերությունների հետ կայացած հանդիպումները կնպաստեն ապահովագրության ոլորտում համագործակցության խթանմանն ու ամրապնդմանը:

Այցի շրջանակում տեղի ունեցավ ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ կենտրոնական ապահովագրության միջև ապահովագրության ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրում:

Հուշագրի նպատակն է իրավական հիմքեր ստեղծել ապահովագրության ոլորտում համագործակցության համար: Հուշագրի համաձայն կողմերը համաձայնվում են

·        ապահովագրական ծառայությունների մատուցումը հասանելի դարձնել երկու երկրների քաղաքացիների համար,

·        համագործակցել վերաապահովագրության ոլորտում,

·        իրենց ներպետական օրենսդրության շրջանակներում, հիմքեր նախատեսել ապահովագրական ընկերությունների ներկայացուցչություն ապահովելու համար,

·        իրականացնել փոխադարձ ուսումնական ծրագրեր, սեմինարներ, փորձի փոխանակման այցեր:

Աղբյուրը նշում է, որ ապահովագրության ոլորտում ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ կենտրոնական ապահովագրության միջև համագործակցության նմանատիպ հուշագիր կնքվել է նաև 2009 թ.-ին:

 

Placeholder
Կենտրոնական բանկն ու Իրանի կենտրոնական ապահովագրությունը կհամագործակցեն