Վարչապետի հանձնարարականները՝ սփյուռքի ներուժը առավել արդյունավետ ներգրավելու համար
Քաղաքական
13:50 09/02/2017
Հայաստան

Վարչապետի հանձնարարականները՝ սփյուռքի ներուժը առավել արդյունավետ ներգրավելու համար

Հայաստանի զարգացման գործում տարբեր ոլորտներում սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավման նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների համատեղ գործունեությունը: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Այդ նպատակով վարչապետը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հանձնարարեց գործադիր բոլոր մարմինների ղեկավարների հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել ծրագիր՝ սփյուռքի հայտնի մասնագետների, կառավարիչների և նրանց կազմակերպությունների հետ երկկողմանի համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:

«Հանձնարարականը շատ կարճ է ձևակերպված, բայց հնարավորությունները շատ են, կարծում եմ, բոլորը պատկերացնում են, թե առողջապահության, բիզնեսի, մշակույթի և այլ ոլորտներում ինչ հնարավրություն կան»,-ընդգծեց վարչապետը:

Բացի այդ, Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության, սփյուռքի նախարարներին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել համատեղ ծրագիր՝  սփյուռքի կրթական խնդիրների լուծման աջակցության, սփյուռքի կրթօջախների համար մասնագետների պատրաստման, երիտասարդության շրջանում մայրենի լեզվի ուսուցման մակարդակի բարձրացման, սփյուռքի կրթօջախների համար ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման կազմակերպման, սփյուռքի կրթօջախների համար նոր, այդ թվում՝ էլեկտրոնային դասագրքերի, ուսումնական ծրագրերի մշակման, ինչպես նաև  միջոցներ սփյուռքի գիտնականների և նրանց կազմակերպությունների և  Հայաստանի բուհական և գիտական հաստատությունների միջև երկկողմանի համագործակցությունը խորացնելու և համակարգելու համար:

Վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, Սփյուռքի նախարարներին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում Սփյուռքի նախարարության միջոցով հայազգի գործարարներին փոխանցել առկա ներդրումային ծրագրերը՝ դրանք սփյուռքի գործարարներին տրամադրելու համար, ինչպես նաև տեղեկացնել սփյուռքի գործարարներին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության բոլոր հարթակների մասին և պահպանել այդ կապը մշտապես:

Կարեն Կարապետյանը ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի և սփյուռքի նախարարներին էլ հանձնարարվեց երկամսյա ժամկետում մշակել համատեղ մշակութային, երիտասարդական և մարզական ծրագրեր՝ սփյուռքում հայապահպանությանն օժանդակելու, հայկական մշակույթի տարածման և հայկական արժեքների քարոզման միջոցով Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու համար:

Վարչապետը մեկ այլ հանձնարարականը ուղղված էր ՀՀ արտաքին գործերի և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին: Մասնավորապես, հանձնարարվեց մեկշաբաթյա ժամկետում ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, և ներկայացվնել հստակ առաջարկություններ արտերկրում ՀՀ դեսպանների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների թիրախների և հայտանիշերի սահմանման նպատակով դեսպանկալ պետությունների՝ ըստ տնտեսական հետաքրքրությունների և ներուժի ենթատեքստում:

Placeholder
Վարչապետի հանձնարարականները՝ սփյուռքի ներուժը առավել արդյունավետ ներգրավելու համար