ՀՀ-ի մասնակցությունը Լապշինի հետ կապված այս պրոցեսում համարում եմ խնդրահարույց. Սիմոն Բաբայան
Իրավունք
13:38 09/02/2017
Հայաստան

ՀՀ-ի մասնակցությունը Լապշինի հետ կապված այս պրոցեսում համարում եմ խնդրահարույց. Սիմոն Բաբայան

«Անձի հանձնումը չի կարող իրականացվել, եթե  հանձնման հիմքում  դրված են խոսքի ազատության իրացման իրավունքերը: Լապշինը բլոգեր է, իրականացնում է  որոշակի առումով լրագրողական գործունեություն: Նա իր արտահայտած հայացքների  իրացման կապակացությամբ է ենթարկվում համապատասխան զրկանքների»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց   ՀՀ փաստաբանական պալատում Լապշինի պաշտպանության հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ, Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը:

Նա նշեց, որ այս դեպքը կարող է նախադեպային նշանակություն ունենալ, երբ իրենց քաղաքական պահանջմունքները բավարարելու նպատակով պետություններն օգտագործում են համապատասխան փսևդո-իրավական լծակները:

ՄԻԵԴ բողոքարկելու հետ կապված հարցին ի պատասխան, փաստաբանն ասաց, որ անհրաժեշտություն կա դիմել Ադրբեջանի գործողությունները դիտարկելու համար, քանի որ Բելառուսը չի անդամակցում այդ կառույցին: Ս. Բաբայանը նշեց, որ արդեն բողոք ներկայացվել է ՄԱԿ, ինչի շրջանակներում այդ խնդիրը պետք է դիտարկվի:

«Հայաստանի մասնակցությունը կամ հայ փաստաբանների  մասնակցությունն այս պրոցեսում համարում եմ խնդրահարույց: Բոլոր դեպքերում այս իրավիճակը պետք է վիճարկվի Լապշինի հարազատների կողմից»,- ասաց նա:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ ՌԴ սահմանադրությամբ ուղղակի արգելվում է հանձնել իր քաղաքացիներին այլ պետությունների պահանջներով, այսինքն Ա.Լապշինի արտահանձնումը, ով  նաև ՌԴ քաղաքացի է, չպետք է իրականացվեր:

Ասուլիսին ներկա  «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այս գործընթացը ոչ միայն ապտակ է կամ սպառնալիք հայերին, այլ միջազգային վաղուց ճանաչված և կիրառվող նորմերի  կոպիտ ոտնահարում և արհամարհանք:

«Մարտահրավեր է ոչ միայն հայերին, հայկական երկու պետությանը, այլ մարտահրավեր է միջազգային հանրությանը, այդ երկրների հասարակություններին»,- հավելեց նա:

Placeholder
ՀՀ-ի մասնակցությունը Լապշինի հետ կապված այս պրոցեսում համարում եմ խնդրահարույց. Սիմոն Բաբայան