Արծվիկ Մինասյան. Նախատեսում ենք բնօգտագործման վճարներն ամբողջությամբ ուղղել շրջակա միջավայրի բարելավմանը
Տնտեսություն
11:45 10/02/2017

Արծվիկ Մինասյան. Նախատեսում ենք բնօգտագործման վճարներն ամբողջությամբ ուղղել շրջակա միջավայրի բարելավմանը

Մենք այժմ որդեգրել ենք շրջակա միջավայրի պահպանության ուղղվող ֆինանսական ռեսուրսների համախմբման և նպատակային ծրագրերի իրականացման քաղաքականություն: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով ոլորտի ներդրումային միջոցառումները:

Նախարարի խոսքով, այս պահին քննարկվում են բնօգտագործման և բնապահպանական վճարներն ամբողջությամբ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղելու վերաբերյալ ծրագրային առաջարկները:

«Պետական բյուջեում ամեն տարի ձևավորվում են շուրջ 70 մլն ամերիկյան դոլարի չափով  բնապահպանական ու բնօգտագործման վճարներ, որոնցից, ցավոք, շատ քիչ մասն է ուղղվում շրջակա միջավայրի բարելավման ծրագրերին: Մեր խնդիրն է  այդ միջոցներն ուղղել շրջակա միջավայրի պահպանմանը, ինչպես նաև համայնքներում ներդրումների իրականացմանը»,-ասաց Մինասյանը:

Նախարարի խոսքով, եթե իրենք այս հարցում հաջողության հասնեն, ապա միջազգային կազմակերպությունները պատրաստ են տրամադրել հավելյալ գումարներ՝ դրամաշնորհների տեսքով:

Քննարկվող երկրորդ կարևոր գործիքը, ինչպես նշեց գործադիր մարմնի ներկայացուցիչը, Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող և հաջողություններ գրանցած «Բնապահպանական ծրագիր՝ պարտքի դիմաց» գործիքն է:

«Երբ երկու երկրների միջև կա ձևավորված արտաքին պարտք, այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան կամ Գերմանիան առաջարկում են զիջել պարտքի որոշակի մասը բնապահպանական ծրագրի իրականացման դիմաց»,-գործիքի էությունը ներկայացրեց նախարարը:

Նա նշեց, որ իրենք այս պահին բանակցություններ են վարում նաև երկրի ներսում, պատրաստ են ակտիվանալ այս ուղղությամբ:

Հաջորդ գործիքը մասնավոր ներդրումներն են: Նախարարությունում համոզված են՝ դրանք կարող են արդյունավետ կերպով ներգրավել բնապահպանության ոլորտում:

«Առաջին հերթին կոնկրետ ներդրումներ իրականացնելու միջոցով, որտեղ մասնավորը կարող է  ակնկալել շահ, ռեգրացիոն, տնտեսական գոտիներում, պահպանվող տարածքների, ազգային պարկերի, բնության հուշարձանների մասով»,-ասաց նա:

Նախարարության ու ոլորտի մասնագետներն այս պահին հավաքագրել են գաղափարներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 420 մլն դոլար, որից այս պահին 185 մլն-ի ներդրումային հստակ ծրագրեր կան: Նախատեսվում է, 2017-ին իրականացնել 11.5 մլն-ի ներդրումներ:

«Ծրագրերից մեկը վերաբերում է քաղաքային տնտեսություններում էներգաարդյունավետության բարձրացմանը: Սրա արդյունքում մենք տարեկան կրճատելու ենք  580 տոննա CO2, 120 հազար դոլարով նվազեցվելու են շահագործման  ծախսերը: Սրա ամենավառ օրինակը Իսակով փողոցի լուսավորությունն է, որը հնարավորություն տվեց շրջանառու միջոց ունենալ ու դրա հաշվին Մաշտոցի պողոտայում էլ իրականացնել լուսավորության աշխատանքներ»,-ներկայացրեց նա:

Placeholder
Արծվիկ Մինասյան. Նախատեսում ենք բնօգտագործման վճարներն ամբողջությամբ ուղղել շրջակա միջավայրի բարելավմանը