Ծառուկյան. Մեր ազգի մեջ նախանձ կա
Քաղաքական
15:34 10/02/2017

Ծառուկյան. Մեր ազգի մեջ նախանձ կա

«Ծառուկյան Գագիկը, եթե քայլ է կատարում, ոչ պաշտոնի համար է, ոչ ունեցվածքի, աստծո կամքով է: Ես Հարվարդ չեմ ավարտել, իմ փորձությունը կյանքի փորձություն է»: «Բարգավաճ Հայաստան» -ի  համագումարում հայտարարեց կուսակցության նախագահ ընտրված Գագիկ Ծառուկյանը:

«Չլուծվող խնդիր չկա: Ցանկացած պրոբլեմ իր լուծումն ունի, պետք է նայենք պրոբլեմները, լուծումը և մեր պետության հնարավորությունները: Մտածում ենք, նավթ չունենք, գազ չունենք, բայց ունենք մոլիբդեն»,-ասաց նա:

Նրա խոսքով, փոքր ու միջին բիզնեսը ցանկացած երկրի ողնաշարն է, այնինչ՝ Հայաստանում այս բիզնեսներին հարկերից չեն ազատում, որպեսզի կարողանան աշխատել, բիզնեսը զարգացնել:
Առկա խնդիրներից նա ամենացավոտը որակեց գյուղացիների ունեցած վարկերը:

«Երկու տարի հետո ժողովրդի ձեռքը տուն չի մնալու, փող չի մնալու, այդ բոլորը բանկերին է մնալու, ժողովուրդը սնանկ է դառնալու: Այս հարցերին պետք է լուծում տալ: Ես պաշտոնի համար չեմ գալիս, գումարի համար չեմ գալիս, բոլորդ էլ գիտեք, ես ամեն ինչ ունեմ: Պետք է մեր հնարավորույթյունների չափով օգտակար լինենք: Մեր ազգի մեջ նախանձ կա, եթե նախանձ չլինի, ամեն ինչ կլինի: Ես եկել եմ իմ խաչը տանելու: Միշտ ասել եմ իմ հարցազրույցներում, որ աշխարհի մակարդակում տասը լավագույնից երկուսը հայ են, մենք այդ տաղանդը, ջիղն ունենք: Բոլորը պետք է վստահ լինեն, որ կարող ենք հաղթել», -հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Placeholder
Ծառուկյան. Մեր ազգի մեջ նախանձ կա