Ներքին աուդիտի համակարգի կայացումը ֆինանսների նախարարության համար լինելու է նախապատվություն. նախարար
Տնտեսություն
10:14 11/02/2017
Հայաստան

Ներքին աուդիտի համակարգի կայացումը ֆինանսների նախարարության համար լինելու է նախապատվություն. նախարար

Փետրվարի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ներքին աուդիտի զարգացման ու բարեփոխումների շրջանակում  տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, նախարարի տեղակալներ Դավիթ Անանյանի, Կարեն Թամազյանի հանդիպումը հանրային հատվածների ներքին աուդիտի պատասխանատուների հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր ի մի բերել առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: Այս մասին տեղեկացնում են ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ ֆինանսների  նախարար Վարդան Արամյանը նշել է, որ նախարարությունն ունի  ներքին աուդիտի զարգացման իր տեսլականը, բայց նախնական փուլում կարևորում է անկաշկանդ քննարկումը ոլորտի պատասխանատուների հետ՝ հնարավոր խոչընդոտները բացառելու, լավագույն գաղափարները համախմբելու և աուդիտորների մտահոգությունները քննարկելու համար:

Նախարարի խոսքով՝ ռիսկերը թեև իդենտիֆիկացվել են, այնուամենայնիվ ֆինանսական կարգապահության և պետական հիմնարկների արդյունավետության բարձրացման գործընթացը դանդաղում է: Ներքին աուդիտը պետք է արդյունավետ աշխատի՝ իդենտիֆիկացնելով  ռիսկերը, ներդնելով հսկողության մեխանիզմներ ու կանխարգելիչ գործիքներ: Համակարգի ներդրման համար անհրաժեշտ է շարժիչ ուժ, և այդ գործում գերակայում է ֆինանսների նախարարության մասնակցությունը:

«Ֆինանսների նախարարությունը, որպես քաղաքականություն մշակող մարմին և պետական ֆինանսների պատասխանատու՝ կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման մասով իր դիտակետում ունի նաև ներքին աուդիտի հանգույցը՝ որպես կարևորագույն ինստիտուտ պետական ֆինանսների կառավարման  մասով: Առաջիկա տարիներին ներքին աուդիտի համակարգի կայացումը  մեզ համար լինելու է  նախապատվություն: Կոնկրետ ես մեծ նշանակություն եմ տալիս ֆինանսների նախարարությունում ներքին աուդիտի զարգացմանը, եւ ֆինանսների նախարարությունը պետք է ծառայի որպես օրինակելի նախարարություն», - նշել է նախարար Վարդան Արամյանը:
 

Placeholder
Ներքին աուդիտի համակարգի կայացումը ֆինանսների նախարարության համար լինելու է նախապատվություն. նախարար