ԱՄՆ դեսպան.  Հայերն այնքան հուզիչ պատմություններ կարող են էկրանավորել
Քաղաքական
13:48 13/02/2017

ԱՄՆ դեսպան. Հայերն այնքան հուզիչ պատմություններ կարող են էկրանավորել

ԱՄՆ դեսպանատունը մեկնարկել է ամերիկյան ֆիլմերի ցուցաշար «Մարդկային պատմությունների խճանկար» խորագրի ներքո և առաջիկա երկու ամիսների ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացնի 33 ամերիկյան ֆիլմեր: Անդրանիկ ցուցադրությունը կլինի փետրվարի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում և էկրան կբարձրանա  մրցանակակիր «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմը:  Հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից:

«Ֆիլմերը մեզ տեղափոխում են մի նոր աշխարհ, մեզ ներկայացնում այլ մոտեցումներ, օգնում հասկանալ մեզ շրջապատող աշխարհը», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի շրջանակում մեկ շաբաթով Հայաստան է ժամանում նաև «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմի ռեժիսոր, մրցանակակիր ռեժիսոր/պրոդյուսեր Ջանեթ Գրիլոն, ով քննարկումներ կունենա հանդիսատեսի հետ, ուսանողական խմբերի հետ քննության կառնի կինոարվեստը և կներկայացնի աուտիզմնին առնչվող իր փորձը: Ցուցաշարը կբացվի տ-ն Գրիլոյի ֆիլմով, որը պատմում է  փախուստի մեջ գտնվող մի դեռահաս աղջնակի մասին, ով ներկայանում է որպես հմուտ ու սրտացավ տնային դայակ և  կարողանում ստեղծել յուրահատուկ կապ աուտիզմ ունեցող 11-ամյա աղջնակի ու նրա  ընտանիքի հետ: Ֆիլմի ցուցադրմանը կհաջորդի հանդիսատեսի հարց ու պատասխանը ռեժիսորի հետ:

Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը կշարունակվի մինչև մարտի 31-ը. կներկայացվեն թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական ֆիլմեր: Ֆիլմերը կցուցադրվեն  Երևանում, Գյումրիում ու Վանաձորում: 

Ցուցաշարում ընդգրկված մյուս ֆիլմերում անդրադարձ է կատարվում այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ հաշմանդամությունը, ծաղրն առցանց տիրույթում, բնապահպանությունը, ծրագրավորման ոլորտում առկա գենդերային բացը, մշակույթի ու խոհանոցի միջև կապը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է, իսկ դահլիճում տեղերը համալրվում են առաջին եկողն առաջինն է տեղ զբաղեցնում սկզբունքի համաձայն: Ամբողջական ծրագիրը կարող եք գտնել առցանց:

Ֆիլմերի ցուցադրմանը զուգընթաց  «Մարդկային պատմությունների խճանկարի» շրջանակում նախատեսվում է երիտասարդ հայ վավերագրողների համար անցկացնել մեկ շաբաթ տևողությամբ դասընթաց ֆիլմերի մոնտաժման վերաբերյալ, որը կվարի մոնտաժի օսկարակիր վարպետ, ինչպես նաև տարբեր մրցանակների արժանացած ռեժիսոր, պրոդյուսեր, գրող և կինոգործիչ Դագ Բլաշը:

«Հայերն այնքան հուզիչ պատմություններ կարող են էկրանավորել, և հիանալի է, որ մեր հարգարժան հյուրերն այդքան շատ ժամանակ են անցկացնելու երիտասարդ հայ ռեժիսորների հետ: Նպաստելով նրանց հմտությունների կատարելագործմանը՝ մենք հուսով ենք, որ  կինոարվեստի նոր սերնդի հայաստանյան գործիչները կկարողանան առավել վստահ ներկայացնել իրենց պատմությունները հայ ու միջազգային հանդիսատեսին», - ասել է դեսպան Միլսը:

Placeholder
ԱՄՆ դեսպան. Հայերն այնքան հուզիչ պատմություններ կարող են էկրանավորել