Խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել է 3 տեղեկան ՀԿ
Քաղաքական
16:05 14/02/2017

Խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել է 3 տեղեկան ՀԿ

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար այս պահին հավատարմագրված է տեղական երեք հասարակական կազմակերպություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Panorama.am-ը տեղեկացավ, որ հավատարմագրված են «Ժողովրդավարության իրավունքի միջազգային կենտրոն» ՀԿ-ն (133 դիտորդ), «Միացյալ առաջնորդների պալատը» (137 դիտորդ) և «Համահայկական երիտասարդական ասոցիացիան» (189 դիտորդ):

Ապրիլի 2-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, դիտորդների հավատարմագրելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու համար ԿԸՀ դիմումներ ներկայացվում են սկսած նախրոդ տարվա դեկտեմբերի 30-ից մինչև 2017 թվականի մարտի 18-ը:

Ավելի վաղ ԱԺ աշխատակազմի  հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Panorama.am-ին հայտնել էր, որ հրավերներ են ուղարկվել ԵԽ-ին, ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ-ին, ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեային:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը Կարիքների գնահատման առաքելության զեկույցում առաջարկում է ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների համար գործուղել ընտրությունների դիտորդական առաքելություն, եթե Հայաստանի իշխանությունները պաշտոնական հրավեր ուղարկեն:

Փորձագետների հիմնական թիմից բացի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ-ն առաջարկում է ԵԱՀԿ մասնակից պետություններից գործուղել 24 երկարաժամկետ դիտորդ՝ ամբողջ երկրի տարածքում ընտրական գործընթացին հետևելու նպատակով և 250 կարճաժամկետ դիտորդ՝ ընտրության օրը տեղի ունեցող գործընթացներին հետևելու նպատակով:

Placeholder
Խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել է 3 տեղեկան ՀԿ