Փետրվարի 8-ին վիրավորված Կորյուն Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ
Առողջություն
13:25 17/02/2017
Հայաստան

Փետրվարի 8-ին վիրավորված Կորյուն Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

Փետրվարի 8-ին հակամարտ զորքերի շփման գծի  (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդի կրակոցից վիրավորված  ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նշենք, որ զինծառայողը վիրավորվել է գլխի շրջանում, փետրվարի 9-ին Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել է Երևան:

«Կարևորը` բացասական տեղաշարժ չկա: Հրաշք է, որ նման ծանր վիրավորումից հետո նա ողջ է մնացել»,- ասաց հոսպիտալի պետը՝ հավելելով, որ զինծառայողին վիրահատել են Մարտակերտի զինվորական հոսպիտալում, իսկ երկրորդ անգամ՝ Երևանի զինվորական հոսպիտալում:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը: Նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ ժամը 12:00-ի սահմաններում, կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում էր ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1988թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:

Placeholder
Փետրվարի 8-ին վիրավորված Կորյուն Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ